Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել

Ֆրանսիայում նոր ահաբեկչություն է կանխվել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում հակաահաբեկչական շուրջկալի շրջանակում 7 մարդ է ձերբակալվել ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը, հայտնում է BFMTV:

«Նոր հարձակումը կանխվել է: Ահաբեկչական սպառնալիքի ծավալները հսկայական են, մենք չենք կարող զրոյացնել վտանգը, չնայած այն ամենին, ինչ անում ենք»,-ասել է Կազնյովը:

Ձերբակալվածների թվում ֆրանսիացիներ են, Մարոկկոյի և Աֆղանստանի քաղաքացիներ: Նրանց բերման են ենթարկել Մարսելում և Ստրասբուրգում նոյեմբերի լույս 20-ի գիշերը: Ձերբակալվածների տարիքը 29-37 է: Ըստ աղբյուրների, Ֆրանսիայի իրավապահները «լուրջ» հարձակում են կանխել: Այժմ գործը քննում է Ֆրանսիայի դատախազությունը:

Ինչպես նշել է Reuters-ը, 2 մարդ է ձերբակալվել Մարսելում, մյուս 5-ը` Ստրասբուրգում: Ըստ գործակալության զրուցակցի, Ստրասբուրգը, սակայն, հարձակման թիրախ չի եղել` նախատեսվում էր հարձակումն իրականացնել Փարիզի շրջանում:

2016-ի սեպտեմբերի 2-ին Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը հայտարարեց երկրում նոր ահաբեկչությունների մեծ հավանականության մասին: Մոլենսը կարծում է, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերի թուլացման պատճառով Ֆրանսիա կվերադառնան գրոհայինների շարքերում կռված քաղաքացիները: «Մի օր մենք այդպիսի մարդկանց ներհոսքի փաստի առջև կկանգնենք Ֆրանսիայում, իրենց ընտանիքների հետ»,-զգուշացրել է դատախազը:

Ըստ Ֆրանսիայի ՆԳՆ տվյալների, այժմ Սիրիայի տարածքում և Իրաքում գրոհայինների շարքերում Ֆրանսիայի մոտ 700 քաղաքացի կա:

Ըստ ՆԳՆ տվյալների, տարեսկզբից ի վեր ահաբեկիչների հետ կապերի կասկածանքով 418 մարդ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---