Նախարարությունը՝ հոկտեմբերին գյուղատնտեսության շեշտակի անկման մասին

Նախարարությունը՝ հոկտեմբերին գյուղատնտեսության շեշտակի անկման մասին

PanARMENIAN.Net - Գյուղարտադրանքի ծավալային անկումը հիմնականում կապված է բուսաբուծության ոլորտի հետ և պայմանավորված այստեղ առկա մի շարք խնդիրներով: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետ Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱՎԾ հրապարակած տվյալներին:

ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, ըստ որի 2016-ի հոկտեմբերին 2015-ի հոկտեմբերի համեմատ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը նվազել է 29.8%-ով՝ փաստացի հասնելով 2010 թվականի մակարդակին:

Հարությունյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել 30% անկման փաստը:

«Վիճակագրությանը չեմ կարող անդրադառնալ, քանի որ համայնքները տվյալները ուղարկում են մարզկենտրոններին, մարզկենտրոնները՝ հանրապետական կենտրոն: Այդպես է կազմվում վիճակագրությունը: Ես կարող եմ միայն ասել, թե ինչու է այս տարի բուսաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ զգալի անկում գրանցվել»,- նշեց նա:

Ըստ բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի, ոլորտում շեշտակի անկումը հիմնականում պայմանավորված է պտղի և խաղողի բերքի սակավության հետ.

«Ծառերը կենդանի օրգանիզմ են: 2015-ին բերքը շատ առատ է եղել: Եթե նախորդ տարի այդչափ ծանրաբեռնված են եղել, լավ բերք են տվել, ապա այս տարի բերքը չէր կարող նույնքան առատ լինել: Սա էլ հանգեցրել է բերքի ծավալի անկման»:

Բացի այդ, գյուղացիները բախվել են բերքի մթերման խնդիրների.

«Մթերման խնդիր կար, բերքը չիրացվեց, գյուղացին ժամանակին չվճարվեց, արդյունքում՝ չկարողացավ ժամանակին կազմակերպել իր աշխատանքը, ժամանակին սկսել բերքահավաքը: Այգեքաղ չկատարվեց, խաղողի այգիների մի մասը մնաց չքաղված»:

Սակավ բերքը, ըստ Հարությունյանի, պայմանավորված է նաև ձմեռային, վաղ գարնանային ցրտահարություններով, ոռոգման խնդիրներով, չմոռանանք կարկուտի մասին:

Անդրադառնալով 2016-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գյուղարտադրանքի ծավալի շեշտակի՝ 28% անկմանը, մասնագետը նշեց, որ դա պայմանավորված է նրանով, որ 2016-ին գյուղատնտեսակն տարին մոտ 15-20 օր հետ է 2015-ից. եթե նախորդ տարի խաղողի մթերումը սկսվել է սեպտեմբերի սկզբից՝ 2-3-ից, ապա այս տարի միայն սեպտեմբերի 15-ից հետո:

Կարդացեք նաև՝ ԱՎԾ. Գյուղարտադրանքի 30% անկման պատճառը բուսաբուծության ոլորտն է

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---