Վարչապետ. Նախարարները դեկտեմբերին արտակարգ ռեժիմով կաշխատեն

Վարչապետ. Նախարարները դեկտեմբերին արտակարգ ռեժիմով կաշխատեն

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարվել է, որ գերատեսչությունների ղեկավարների համար աշխատանքային արտակարգ ռեժիմ է հաստատվելու դեկտեմբերին:

Խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Նշելով, որ հաշվետվություններում հիմնական շեշտադրումը պետք է լինի այն, թե ռեալ ինչն է փոխվել, Կարապետյանը հավելել է. «Մեր գերատեսչությունների ղեկավարների կամ առաջին էշելոնի կառավարիչների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ՝ տարին ամփոփելու և հաջորդ տարին պլանավորելու համար»:

Գործադիրի ղեկավարը կարևորել է նաև հանրային հաշվետվողականության, հանձնարարականների կատարողականների, «թեժ գծերով» ստացվող առաջարկությունների, բողոքների քննարկումն ու ամփոփումը:

Ներկայացնելով կատարված աշխատանքները՝ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ դրանք ուղղված են եղել 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակմանը, պետական ֆինանսների կառավարման համակարգին, թափանցիկության բարձրացմանը:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի զեկույցում կարևորվել է, որ նշված ժամանակահատվածում հակակոռուպցիոն փաթեթներից երկուսը՝ ապօրինի հարստացման և կանխիկ գործառնությունների սահմանափակման օրինագծերը հաստատվել են կառավարության կողմից և ներկայացվել Ազգային ժողով, ներդրվել է «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքը, մասնավորապես, գործարկվել են միասնական օպերատորների գրասենյակներ՝ մասնավոր սուբյեկտների ներգրավմամբ: Տեղեկացվել է, որ մինչ տարեվերջ դրանք կգործարկվեն նաև նվազագույնը երեք մարզում:

Կարդացեք նաև՝ Վարչապետի՝ մարզեր այցելությունների արդյունքում 24 ներդրումային ծրագիր է ստացվել

Կարդացեք նաև՝ Երևանի ՋԷԿ-ի վերակառուցման ծրագրով $10 մլն կտնտեսվի

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---