ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե. ՀՀ-ում ոչ միշտ են պահպանվում կալանավորների իրավունքները

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտե. ՀՀ-ում ոչ միշտ են պահպանվում կալանավորների իրավունքները

PanARMENIAN.Net - Ժնևում իր աշխատանքն է ավարտել ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանը: Փորձագետներին զեկույցներ են ներկայացվել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի մասին կոնվեցիայի անդամ որոշ պետությունների, այդ թվում Հայաստանին առնչվող զեկույցները:

Հայաստանը հաշվետու շրջանում ուղղումներ է կատարել Քրեական օրենսգրքում, որով քրեական պատիժ է սահմանել խոշտանգումների կիրառման համար: Փորձագետները գոհունակությամբ են նշել նաև այն օրենքի ուղղումներն ու լրացումները, որով պաշտպանվում են հաշմանդամություն ունեցող փախստակնների, կտտանքների և բռնության այլ ձևերի զոհերի իրավունքները:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշել է կոմիտեի անդամ Աննա Ռաքուն, փորձագետները մի շարք խախտումներ են հայտնաբերել Հայաստանում: «Հայաստանում միշտ չէ, որ պահպանվում են կալանավորների հիմնարար իրավունքները` դա վերաբերում է փաստաբանների նշանակմանն ու բուժօգնությանը: Ավելին, բուժօգնությունը հաճախ տրամադրվում է ոստիկանի ներկայությամբ»:

ՀՀ-ն մինչև 2017-ի դեկտեմբեր պետք է կոմիտեի անդամներին լրացուցիչ տվյալներ ներկայացնի խոշտանգումների համար մեղավոր անձանց համաներման կամ ներման մասին, ցուցարարների հանդեպ անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև կալանավորների շրջանում մահվան դեպքերի, այդ թվում ինքնասպանությունների վերաբերյալ:

Խոշտանգումների դեմ կոմիտեն 10 անկախ փորձագետ ունի, որոնք հետևում են անդամ երկրների կողմից Կոնվեցնիայի կատարմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---