Միխայիլ Պիոտրովսկի. Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ կկազմակերպվեն

Միխայիլ Պիոտրովսկի. Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ կկազմակերպվեն

PanARMENIAN.Net - Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն Արտաշես Ջավադյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, երևանյան մի շարք թանգարանների և համալսարանների ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվել են Էրեբունի արգելոց թանգարանի վերջին տարիների հնագիտական պեղումներն ու ձեռքբերումները և այն ավանդը, որն ունեցել է Բորիս Պիոտրովսկին:

Էրմիտաժի գլխավոր տնօրենը ներկայացնելով Էրմիտաժում Հայաստանի և առանձին Էրեբունի-Երևանի պատմությունը ներկայացնող ցուցասրահներում պահպանվող բացառիկ նմուշները՝ ընդգծել է հայկական մշակութային արժեքների կարևոր դերը թանգարանի ժառանգության մեջ:

Խոսելով առաջիկա համագործակցության մասին՝ Միխայիլ Պիոտրովսկին նշել է, որ Երևան այցի շրջանակում նախատեսվում են գործանական հանդիպումներ, որոնց արդյունքում առաջիկայում կյանքի կկոչվեն մի շարք նախաձեռնություններ, այդ թվում Կարմիր բլուր հնավայրում համատեղ պեղումներ կազմակերպելու ուղղությամբ:

Թեյշեբաինին կամ Կարմիր բլուրը ուրարտական քաղաքը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Քաղաքը կառուցվել է Վանի թագավորության վերջին հզոր թագավոր Ռուսա Բ-ի (մ. թ. ա. 685-645) կողմից՝ մ. թ. ա. VII դ. առաջին կեսին: Երևան-Էրեբունիից ոչ հեռու կառուցված Թեյշեբաինի բերդաքաղաքը կրում է ուրարտական ռազմի և ամպրոպի աստված Թեյշեբայի անունը։

Էրմիտաժում ներկայացված են Կարմիր բլուրում անցկացված պեղումների գտածոները: Սրահը նվիրված է 1939-1971-ին Կարմիր բլուրում պեղումները ղեկավարած հայտնի հնագետ Բորիս Պիոտրովսկու հիշատակին: Ցուցանմուշների մեծ մասը հայտնաբերվել է հենց այդ պեղումների ընթացքում:

Թեյշեբաինի հնավայրը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում՝ չնայած որ այն ընդգրկված է պետության կողմից պաշտպանվող հուշարձանների ցանկում:Հնագույն բնակատեղիին կից գտնվում է գերեզմանոց, որը արդեն ընդգրկում է նաև հուշարձանի տարածքը, պեղված շինություններն աստիճանաբար քանդվում են, բնակատեղիի տարածքը գրեթե ամբողջությամբ պատված է շինարարական ու կենցաղային աղբով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---