Էրմիտաժը և ՀՀ թանգարանները կաշխատեն համատեղ. «Էրմիտաժի օրեր» կանցնեն

Էրմիտաժը և ՀՀ թանգարանները կաշխատեն համատեղ. «Էրմիտաժի օրեր» կանցնեն

PanARMENIAN.Net - Հայաստանի Պատմության թանգարանում ՀՀ մշակույթի նախարարության և Էրմիտաժի միջև ստորագրվել է համագործակցության ռազմավարական համաձայնագիր:

Փաստաթուղթը ստորագրելուց հետո Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին ասել է, որ համաձայնագրով նախատեսված են գիտական ուսումնասիրությունները՝ հնագետների և վերականգնողների համատեղ արշավախմբեր և ուսումնասիրություններ Կարմիր բլուրի տարածքում, հայ գիտնականների ուսումնասիրություններ Պետական Էրմիտաժի արխիվում և գրադարանում, Էրմիտաժի մասնագետները կօգնեն հնագիտական նյութի կոնսերվացման աշխատանքներ իրականացնելու հարցում ևս, հայտնում է Panorama.am-ը:

Համաձայնագիրը վերաբերում է նաև թանգարանային ոլորտին. Էրմիտաժը և հայաստանյան թանգարանները համատեղ աշխատանքներ կտանեն ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրման ուղղությամբ, կփոխանակվեն մասնագիտական և գիտական գրականությամբ:

«Մեր նախագծերն այսօր ներկայացրել ենք Հայաստանի նախագահին, ով հավանության է արժանացրել: Նաև կաթողիկոսի մոտ ենք եղել այսօր, ներկայացրել մեր նախագծերը կապված Էջմիածնի հետ»,- ասել է Միխայիլ Պիոտրովսկին:

Պիոտրովսկին նաև տեղեկացրել է, որ ծրագրում են Հայաստանում կանոնավոր անցկացնել «Էրմիտաժի օրեր»:

«Կգան Էրմիտաժի մասնագետները, կկարդան դասախոսություններ, կանցկացնեն վարպետության դասեր վերականգնողների համար, կցուցադրվեն ֆիլմեր: Հայաստանում կզգացվի Էրմիտաժի շունչը»,- ասել է Պիոտրովսկին: Ինչ վերաբերում է Երևանում ցուցահանդես կազմակերպելուն, նա նախ ասել է, որ մեծ աշխատանք է պահանջում ցուցահանդես կազմակերպելը, ապա հավելել է, որ նախատեսում են:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշել է, որ Էրմիտաժի հետ համագործակցությունը բազմաշերտ է և այս պայմանագրով հստակեցվում են բոլոր քայլերը, աշխատանքները, ժամկետները: «Ստորագրեցինք հաջորդ տարվա ընթացքում բազմաժանր, բազմաբնույթ, տարբեր ուղղություններով գիտական, մշակութային փոխհամագործակցության հուշագիր, որը, կարծում եմ, կծառայի հայկական մշակույթի հանրահռչակմանը»,- հավելել է նախարարը:

Ամիրյանի խոսքով՝ Հայաստանի յուրաքանչյուր մշակութային հուշարձան պեղելիս՝ կարելի է ոչ միայն ազգային, նաև համաշխարհային նշանակության բացահայտում անել և այս համաձայնագիրը նման հայտնագործություններ անելու հնարավորություն է տալիս:

Ինչ վերաբերում է Կարմիր բլուրը՝ զբոսաշրջային վայր դարձնելուն, մշակույթի նախարարն ասաց, որ նման նպատակ ունեն, սակայն այս պահի դրությամբ այնտեղ վիճակն այնքան էլ բարեկարգ չէ: «Ուղարկել եմ խմբեր, որպեսզի ուսումնասիրեն: Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ»,- հավելել է Արմեն Ամիրյանը:

Ավելի վաղ Պետական Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այցելել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: Տնօրեն Գագիկ Գյուրջյանի ուղեկցությամբ շրջելով և ծանոթանալով հիմնական ցուցադրության մաս կազմող Բորիս Պիոտրովսկուն նվիրված անկյանը, Միխայիլ Պիոտրովսկին իր երախտագիտությունն է հայտնել բարձր գնահատանքի և առանձնահատուկ վերաբերմունքի համար:

Այնուհետ «էրմիտաժի» գլխավոր տնօրենը մասնակցել է թանգարանում կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---