ԼՂՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով Փարիզում է. Պատգամավորների, դեսպանի, ֆրանսիահայ գործիչների հետ է հանդիպել

ԼՂՀ ԱԺ նախագահն աշխատանքային այցով Փարիզում է. Պատգամավորների, դեսպանի, ֆրանսիահայ գործիչների հետ է հանդիպել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ից մեկնարկել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի աշխատանքային այցը Ֆրանսիական Հանրապետության մայրաքաղաք Փարիզ:

Այցի առաջին օրն Արցախի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամական շրջանակի փոխնախագահ Գի Տեսիեին: Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ֆրանսիայի բարեկամական շրջանակների միջև համագործակցության ծրագրերը և նախանշվել են գալիք տարվա անելիքները՝ մի քանի կոնկրետ ուղղություններով:

Աշոտ Ղուլյանն այնուհետև այցելել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպել դեսպան Վիգեն Չիթեչյանին: Խորհրդարանի նախագահը բարձր է գնահատել դեսպանության և Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցչության փոխգործակցության ներկա մակարդակը: Ադրադարձ է կատարվել խորհրդարանական դիվանագիտության դերակատարությանը՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման համատեքստում:

Երեկոյան Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպել է մի խումբ ֆրանսիահայ գործիչների հետ և նրանց հանձնել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված պարգևները:

Ֆրանսիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ, Արցախի ժողովրդական տնտեսության, գիտության, մշակույթի, սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում ծանրակշիռ ավանդի և միջազգային ճանաչմանը նպաստելու համար արժանացել են «Երախտագիտություն» մեդալների:

«Շնորհված պետական պարգևները Արցախի ժողովրդի և իշխանությունների գնահատականն է այն մեծ նվիրումի, որը, տարիներ շարունակ, դուք ցուցաբերել եք ազատության ու անկախության արդար պահանջների համար պայքարող արցախահայության հանդեպ»,- նշել է Ղուլյանը:

Փարիզում տեղի ունեցած բոլոր հանդիպումներին և քննարկումներին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահին ուղեկցում է Ֆրանսիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---