ՍԾՏՀ տրանսպորտի նախարարները քննարկել են կառույցի անդամ-երկրների համագործակցության հարցերը

PanARMENIAN.Net - Ստամբուլում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) անդամ երկրների Տրանսպորտի նախարարների հանդիպումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Սեւծովյան տարածաշրջանում տրանսպորտի բնագավառում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ` ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարեւորությունը ՍԾՏՀ երկրների զարգացման համար: ՀՀ պատվիրակությունը կոնֆերանսին ղեկավարել է ՀՀ տրանսպորտի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, ով հանդես է եկել Հայաստանի տրանսպորտի ոլորտում առկա զարգացումները ներկայացնող զեկույցով` անդրադառնալով այդ բնագավառում առկա դրական տեղաշարժերին եւ իրականցվելիք բարեփոխումներին:



Հանդիպման ավարտին ընդունվել է Հռչակագիր, ուր կարեւորվում են տարածաշրջանում տրանսպորտային համակարգերի զարգացումը, այդ ուղղությամբ համագործակցության հետագա սերտացումը, բեռնափոխադրումների համար նպաստավոր պայմանների ապահովումը եւ ՍԾՏՀ կազմակերպության առավել արդյունավետ համագործակցությունը միջազգային տրանսպորտային կազմակերպությունների եւ կառույցների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---