«Գյումրու քաղաքային ճանապարհներ» մոտ €24 մլն-ոց ծրագիրը ստորագրվել է

«Գյումրու քաղաքային ճանապարհներ» մոտ €24 մլն-ոց    ծրագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - 2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը:

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23.840.000 եվրո, որից 14.600.000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:

2016թ. մայիսի 11-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր:

Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։

Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում:

Վերոնշյալ համաձայնագրերով նախատեսված է Գյումրի համայնքի` որպես ծրագրի սուբյեկտի հետ ծրագրի իրականացման համաձայնագրի ստորագրում, որով կկարգավորվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցների փոխանցումը Գյումրի համայնքին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---