Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

Հրաչյա Հարությունյանը կտեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակում ՌԴ հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:

Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար:

Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերվեն Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը:

ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության, տեղեկացնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման:

Հարությունյանի դեմ ներկայացված են մի քանի քաղաքացիական հայցեր, ինչը խոչընդոտում է կազմակերպել նրա արտահանձնումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---