Օգոստոսի նախավերջին կիրակին` Խորովածի միջազգային օր

Օգոստոսի նախավերջին կիրակին` Խորովածի միջազգային օր

PanARMENIAN.Net - Օգոստոսի նախավերջին կիրակի օրը հռչակվում է Խորովածի միջազգային օր: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հայ ավանդական խոհարարության զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

«Մենք արդեն 9-րդ տարին է, ինչ իրականացնում ենք խորովածի համահայկական տոնը: Տոնի նպատակն առաջին հերթին տարածաշրջանում տուրիզմի զարգացումն է: Անցած տարիները ցույց տվեցին, որ միջոցառումը մեծ հետաքրքություն է առաջացնում զբոսաշրջությամբ զբաղվող ընկերությունների մոտ: Մենք նախաձեռնություն ունենք Ախթալայի քաղաքապետարանի հետ համատեղ հանրահռչակման մի գաղափարի, որը կոչվում է Խորովածի միջազգային օր», - նշել է Մամուլյանը, հայտնում է Aysor.am-ը:

Ասուլիսին ներկա Բարբեքյուի համաշխարհային ասոցիացիայի համանախագահ Արտեմ Ենգոյանն էլ իր հերթին ասել է, որ շատ է կարևորում այս տոնը, քանի որ երկար տարիներ է, ինչ մասնակցում է խորովածի միջազգային շարժմանը:

«Ես այստեղ ներկայացնում եմ խորովածի միջագային շարժումը, որը սկսել է 1996 թվականին, այսօրվա դրությամբ այդ շարժումը միավորում է 35 երկիր, որոնք անմիջապես մասնակցում են դրան: Ես ուրախ կլինեմ, որ այդ շարժումը արմատներ գցի Հայաստանում, քանի որ դա եղբայրության, ընկերության, բարի կրակի սոցիալ հումանիտար շարժում է», - նշել է Ենգոյանը:

Կազմակերպիչները նշել են, որ խորովածի միջազգային օրն առիթ է, որ մարդիկ հավաքվեն, շփվեն, հյուրեր կանչեն:

Ըստ կազմակերպիչների՝ այդ օրը հնարավորություն կտա ամբողջ աշխարում հայկական խորոված, հունական սուվլաքի, վրացական մցվադի, ճապոնական յակիտորի, ռուսական շաշլիկ, բարբեքյու, գրիլ և խորովածի այլ տեսակներ պատրաստողներին մեկտեղելու խորովածի մայրաքաղաք Ախթալայում, իսկ նման հնարավորության բացակայության դեպքում խորովածին վերաբերվող տարատեսակ միջոցառումներ, ֆլեշմոբեր կազմակերպելու իրենց երկրներում, քաղաքներում, ռեստորաններում, բակերում, բնության գրկում:

2016-ի սեպտեմբերի 24-ին Ախթալայի սուրբ Մարիամ եկեղեցու բակում տեղի ունեցավ Խորովածի համահայկական փառատոնը: Օրվա ընթացքում մասնակիցներն այցելել են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանական համալիրներ, Քոբայրի վանք, իսկ այնուհետև մեկնել են Ախթալայի ամրոց և վանական համալիր, որտեղ և ճաշակել են հայկական ավանդական խորովածը: Փառատոնի ծրագրում ներառված էր համերգային ծրագիր, հանդիսատեսի համար նախատեսված մրցույթներ և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---