Շիֆ. Հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար պետք է մեծացնել ճնշումներն Ադրբեջանի վրա

Շիֆ. Հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար պետք է մեծացնել ճնշումներն Ադրբեջանի վրա

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը գործադրելու է բոլոր ջանքերը, որպեսզի ԱՄՆ-ը ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով նաև տնտեսական ու քաղաքական կախվածությունը Ռուսաստանից։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ խոսելով ԱՄՆ-ի ներկա վարչակազմի վարած ներքին և արտաքին քաղաքականության մասին, ներկայացնելով տարբեր հարցերի վերաբերյալ հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Համարձակ ու անկանխատեսելի որոշումներով հայտնի նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման օրոք կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի դերի մեծացում է կանխատեսում։ Ըստ նրա, թե′ դեմոկրատները և թե′ հանրապետականները ցանկանում են հնարավորին չափով սահմանափակել նախագահի կայացրած որոշումները։

«Հարավակովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերաբերյալ ներկայիս վարչակազմը հստակ դիրքորոշում չի հայտնել։ Ես մտահոգ եմ, որ նախագահի ընտանիքն ունի բիզնես շահեր Թուրքիայում և Ադրբեջանում։ Հուսով ենք, որ նախագահը որոշումներ կընդունի` հիմքում ունենալով այդ երկրների հետ հարաբերությունները»

Հաջորդ կարևոր բնագավառը միգրացիոն բարեփոխումներն են։ Ադամ Շիֆի գրասենյակը յուրաքանչյուր օր բազմաթիվ զանգեր է ստանում քաղաքացիներից, այդ թվում` հայերից։

«Միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումները կունենան նաև իրենց բացասական հետևանքները շատ հայերի վրա։ Հատկապես նրանց, ովքեր արգելք հանդիսացող 7 երկից են։ Մենք շարունակելու ենք օգնել փախստականներին` միանալ իրենց ընտանիքներին ԱՄՆ-ում»

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին` Ադամ Շիֆն ասել է, որ հրադադարի խախտման բոլոր դեպքերն անթույլատրելի են։ Պետք է մեծացնել ճնշումները Ադրբեջանի վրա հակահայկական դրսևորումները նվազեցնելու համար, ընդգծել է կոնգրեսականը։ Նա շարունակում է կողմ արտահայտվել սահմանի ողջ երկայնքով մոնիթորինգային սարքի տեղադրմանը։

Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անդամները պատրաստվում են Հայոց ցեղասպանության ճանաչման կոչով դիմել նախագահին։ Շուտով կներկայացվի նաև նոր բանաձև։

«Ցեղասպանության ճանաչման տեսանկյունից դրական քայլ է այն, որ Մայք Ֆլինն այլևս վարչակազմում չէ։ Նա ուներ տնտեսական շահեր Թուրքիայի հետ։ Եվ նրա դիրքորոշումները շատ մտահոգիչ էին։ Իմ համոզմամբ սա հրաշալի հնարավորություն է ունենալ նախագահ, որը երբեք չի խոսել այս խնդրի մասին նախկինում, և այժմ կարող է հստակ դիրքորոշւմ արտահայտել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ում հայ համայնքի ազդեցիկ դեմքերը ևս պետք է նախագահին հորդորեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Հայանպաստ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսականը վստահեցնում է, որ առաջիկայում ևս ոչ մի ջանք չի խնայելու հայերին հուզող խնդիրների լուծման համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---