Կանադայի կառավարությանը Երևանում դեսպանություն հիմնելու կոչ է արվել

Կանադայի կառավարությանը Երևանում  դեսպանություն հիմնելու կոչ է արվել

PanARMENIAN.Net - Կանադայի կառավարությանը կոչ է արվել Երևանում հիմնել Կանադայի դիվանագիտական ներկայացուցչություն: Հայտարարությունն ընդունվել է Օտտավայում մարտի 8-ին տեղի ունեցած Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի հերթական նիստի ընթացքում:

Բարեկամության խմբի համանախագահ Արնոլդ Չանի գլխավորությամբ կայացած նիստին ներկա են եղել նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվել են հայ-կանադական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել Հայաստանում կայանալիք համապետական ընտրություններին, երկու երկրների միջև տնտեսական կապերի ամրապնդմանը և փոխադարձ կարևորություն ունեցող այլ թեմաների:

Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Հայաստանի գլխավոր հյուպատոս Սասուն Հովհաննիսյանը, Կանադայի Հայ ազգային կոմիտեի նախագահ Շահեն Միրաքյանը հնարավորություն են ունեցել կանադական կողմին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք վերաբերել են նաև Կանադայի հայ համայնքին:

Հայ-կանադական բարեկամության խումբը վերահաստատել է երկու երկրի միջև կապերի հետագա խորացման կարևորությունը և քննարկել տարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 31-ին: 1995թ. հունվարին Հայաստանը դեսպանություն է բացել Կանադայում: 2011թ.-ից Կանադայում ՀՀ դեսպանն է Արմեն Եգանյանը: 1997թ. Կանադան պատվո հյուպատոս է նշանակել Հայաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---