Ստեփանակերտում ժամանակակից նոր հուշահամալիր է կառուցվում

Ստեփանակերտում ժամանակակից նոր հուշահամալիր է կառուցվում

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Հայկավան թաղամասում՝ Կրկժանի հարևանությամբ՝ պատերազմի տարիներից հայտնի «Կոբրա» անունով բլրի վրա, հայ ազգի գոյատևման պայքարի զոհերի հիշատակին նոր ու ժամանակակից հուշահամալիր է կառուցվում:

Այն կառուցվում է ծննդով արցախցի, պատերազմի մասնակից, մոսկվայաբնակ բարերար Սիմոն Պետրոսյանի մտահղացմամբ և օժանդակությամբ: Այս մասին ասել է շինարարական աշխատանքներ իրականացնող «Կոբրա» ՓԲ ընկերության տնօրեն Արմեն Առստամյանը, հաղորդում է«Արցախպրեսը»:

«Ուրախալին այն է, որ ամեն բան հարմարեցված է սահմանափակ կարողություններով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովելուն: Համալիրի տարածքի, առաջին և երկրորդ հարկերում, առանձին մուտքերով կառուցվում է ռեստորանային համալիր, հարավարևելյան կողմից` հյուրանոց: Հիմնական աշխատանքներն ավարտված են. արդեն սկսվել են ներքին հարդարման աշխատանքները: Ամենագլխավորը՝ համալիրն իր ճարտարապետական կառույցներով, և աշխարհագրական դիրքով որևէ այլ կառույցի չի կրկնում»,- մանրամասնել է Առստամյանը: Նա հավելել է, որ «այս հուշահամալիրը հայ ժողովրդի հարատևության և անցյալի հիշողության յուրօրինակ խորհրդանիշ է դառնալու»:

Ստեփանակերտի գրեթե բոլոր հատվածներից երևացող այս համալիրում շինարարական աշխատանքներն ընթանում են 2007 թվականից: Ընդհանուր առմամբ, համալիրն՝ իր օժանդակ կառույցներով, զբաղեցնում է մոտ 3000 քառ./մ տարածք: Ծավալատարածական կառուցվածքով այն խաչաձև է, իսկ խաչի թևերն իրենցից ներկայացնում են եռանկյուն կտրվածքով սյունաշարեր: Հատման կենտրոնում էլ վեր է խոյանալու հուշակոթող: Ջրի հոսքի համար, կառուցվելու է կասկադ, այնտեղից հոսելու է դեպի փոքր ջրավազաններ: Հուշակոթողը մոտ 20 մ բարձրություն ունեցող զարդաքանդակներով 2 կոթող ունի: Նախատեսվում է դրանց արանքում կառուցել պատյանի մեջ պահված թուր, ինչը խորհրդանշում է, որ հայ ժողովուրդը հաղթանակած թուրը դրել է պատյան, բայց պատրաստ է վտանգի պահին այն նորից հանելու: Հուշահամալիրի տարածքում նաև զբոսայգի է լինելու` քարե նստարաններով, ծաղկանոցներով, շվաքարան-տաղավարներով: Հուշահամալիրը երկու գլխավոր մուտք ունի. առաջինը՝ Հայկավան թաղամասից, երկրորդը` Կրկժանի կողմից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---