«Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ, «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները դադարեցրել են քարոզարշավը

«Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ, «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները դադարեցրել են քարոզարշավը

PanARMENIAN.Net - «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որպես հարգանքի տուրք 2016-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի, մարտի 17-ին նախընտրական քարոզչություն չի իրականացնի:

«Մենք նաև գտնում ենք, որ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի ինքնազոհաբերությունը չպետք է և չի կարող անհետևանք մնալ և պետք է մղի բոլորիս ոչ թե հուսալքման, այլ համախմբման և համատեղ պայքարի: Մենք պարտավորվում ենք հստակ քայլեր նախաձեռնել մեր ժողովրդի և նրա առողջ ուժերի համախմբման և իշխանափոխություն իրականացնելու հրամայականով»,- նշված է ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբի տարածած հայտարարության մեջ:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նույնպես հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ի նշան հարգանքի, իր հանձնարարությամբ մարտի 16-ին օրվա երկրորդ կեսին և 17-ին ամբողջ օրը դադարեցնում են քարոզարշավը. «Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայտարարության մեջ ասված է. «Մի քանի ամիս կալանավայրում մնալուց հետո նրան առողջական պատճառներով անցյալ տարվա դեկտեմբերին ազատ էին արձակել։ Անհասկանալի է, թե ինչու, փաստորեն, կալանքի տակ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդություններ ունեցող մարդուն քիչ անց նորից ձերբակալեցին։ Վերջերս նրան կրկին ազատ արձակեցին հինգ պատգամավորի երաշխավորությամբ։ Սակայն անազատության պայմանները, որպես բողոքի նշան արած հացադուլը, ըստ երևույթին, արդեն անվերադարձ քայքայել էին նրա առողջությունը։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատապարտում է իշխանության համապատասխան մարմինների կողմից մարդու իրավունքների և քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման փաստերը, պահանջում լիակատար բացահայտել մահվան պատճառ դարձած բոլոր հանգամանքները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»։

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Կարդացեք նաև՝Երևանի փողոցներում Արթուր Սարգսյանի հիշատակին երթ է անցկացվում

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---