Պաշտպան. «Հաց բերողի» մահվան հանգամանքների քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի

Պաշտպան. «Հաց բերողի» մահվան հանգամանքների քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի

PanARMENIAN.Net - 2016-ի հուլիսին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած և մարտի 16-ին կյանքից հեռացած Արթուր Սարգսյանի պաշտպանները պահանջել են գլխավոր դատախազից, որ «Սասնա ծռեր» խմբի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանին և Սարգսյանի գործով անմիջական մասնակցություն ունեցած բոլոր քննիչներին մեկուսացնեն որևէ գործողության կատարումից կամ դրա վրա ազդեցությունից:

Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը: Նա հայտնել է, որ հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազին՝ Սարգսյանի նկատմամբ խոշտանգում և անմարդկային վերաբերմունք դրսևորելու հիմքով քրեական հետապնդում հարուցելու և պատասխանատվության ենթարկելու գործով անմիջականորեն զբաղված քննչական խմբի ղեկավարին և այլ քննիչներին, Սարգսյանի կալանքը հաստատած դատավորների, ինչպես նաև ՔԿՀ համակարգում Արթուրին անհրաժեշտ խնամք չապահոված բոլոր անձանց նկատմամբ:

«Այս գործի քննությամբ ՀՔԾ-ն չպետք է զբաղվի», - ընդգծել է Եգորյանը:

Նա հավելել է. «Միաժամանակ, մենք միջնորդել ենք, որպեսզի Արթուրի դիակի դատաբժշկական փորձաքննությանն անմիջապես մասնակից դարձվեն միջազգային անկախ դատաբժիշկ փորձագետներ, իսկ մարմնի բոլոր հյուսվածքները հետազոտվեն և դրանցից նմուշներ վերցվեն և տրամադրվեն՝ դրանք անհրաժեշտության դեպքում այլ փորձագետների կողմից ուսումնասիրվելու համար: Պահանջել ենք նաև, որ դատաբժշկական փորձաքննության ամբողջ ընթացքը տեսաձայնագրվի և դրա օրինակը՝ Արթուրի առողջության վերաբերյալ բոլոր հնարավոր փաստաթղթերի հետ մեկտեղ հանձնել մեզ:

Մենք տարակուսում ենք, որ որոշ բժիշկներ արդեն իսկ հրապարակային հայտարարություններ են կատարել այն մասին, որ Արթուրի մահը կապ չունի իր կալանքի և դրա պայմանների հետ, առանց համապատասխան իրավասու ատյանների կողմից համապատասխան եզրահանգումներին սպասելու: Սա ուղղակիորեն մատնանշում է, որ իշխանությունները ցայտնոտի մեջ փորձում են հանրության ուշադրությունը շեղել քննության ենթակա հիմնական հարցերից»:

Նա նաև նշել է, որ Սարգսյանին «անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների ենթարկելով ամբողջ պատասխանատավությունը կրում է պետական ողջ իրավապահ, արդարադատության և քրեակատարողական համակարգը, որի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք: Բայց հիմա արդեն կոնկրետ անուններ և անհատական պատասխանատվությունը պարզելու ժամանակն է»:

Արթուր Սարգսյանը 25 օր հացադուլի մեջ էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 6-ին նա ազատ էր արձակվել. ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ ընդունվել էր 27 պատգամավորի կողմից երաշխավորությունը և Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել էր:

Արթուր Սարգսյանը 2016-ի հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարածք և միացել «Սասնա ծռերին»: 2017-ի փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։

Կարդացեք նաև՝«Հաց բերողի» մահվան կապակցությամբ ՕՐՕ, «Ծառուկյան» և «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքները դադարեցրել են քարոզարշավը

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---