ԱԳ նախարար. ՀՀ-ն ցեղասպանությունների դեմ պայքարելու բարոյական պարտավորություն է զգում

ԱԳ նախարար. ՀՀ-ն ցեղասպանությունների դեմ պայքարելու բարոյական պարտավորություն է զգում

PanARMENIAN.Net - Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ: Այս մասին, ելույթ ունենալով ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված հանդիսությանը, ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանը նաև իր նպաստն է բերում համաշխարհային խաղաղությանը ուղղակի ճանապարհով՝ մասնակցելով մի շարք խաղաղապահ առաքելություններում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում, Մալիում:

Մենք միացել ենք միջազգային հանրության համատեղ ջանքերին՝ ուղղված զանգվածային ոչնչացման զենքի չտարածմանը, ահաբեկչության դեմ պայքարին, փախստականների հետ կապված իրավիճակին լուծումներ գտնելուն: Միայն Սիրիայից մոտ 22 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեկ շնչի հաշվով դարձնելով մեր երկիրը Սիրիայից փախստականներ ընդունող երրորդ պետությունը Եվրոպայում: Մեր պետությունը ձեռնարկում է առավելագույնը` նպաստելու հանդուրժողականության և միջմշակութային, միջկրոնական երկխոսության խթանմանը, ռասիզմի, ատելության քարոզի և այլատյացության դեմ պայքարին»,- ասել է ԱԳ նախարարը:

Նալբանդյանը շեշտել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ ներգրավվածության ամբողջ խորությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև գործի նկատմամբ ջանասիրությամբ, անմնացորդ նվիրվածությամբ ու հանձնառությամբ, որ դրսևորվել է ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի բազմաշերտ գործունեության քսանհինգ տարվա ընթացքում.

«Մեր համատեղ ճանապարհի հաջորդ հանգրվանի մեկնարկին ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի վճռական աջակցությունը ՄԱԿ-ի համընդգրկուն և արդյունավետ առաջնորդությանը, որը միտված է միջազգային պարտավորություններն ու հանձնառությունները կյանքի կոչելուն և ուղղված է ժողովուրդների միջև կամուրջներ կառուցելուն ու բարեկամական հարաբերություններ հաստատելուն, բաժանարար գծերի վերացմանը, ողջ աշխարհում խաղաղության և բարեկեցության առաջ մղմանը»,- ասել է նա:

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, իսկ նույն տարվա դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---