Քոչարյանի գրասենյակ. Քի-Վեսթում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել

Քոչարյանի գրասենյակ. Քի-Վեսթում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել

PanARMENIAN.Net - Ոչ Քի-Վեսթում, ոչ էլ բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Այդպիսի հայտարարություն է արել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-ՊետրոսյանիԱրցախյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունները «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կենտրոնի» եթերում հայտարարել է, թե Քի-Վեսթում քննարկվել է այսպես կոչված Մեղրիի տարբերակը:

Վիկտոր Սողոմոնյանն ասել է, որ Տեր-Պետրոսյանն, ըստ էության, որևէ նոր բան չի ասել: «Մի մասով` իր հայտնի հոդվածն է վերաշարադրել` վերստին ներկայանալով որպես պարտվողականության ջատագով, մյուս մասով` կրկնել արդեն վաղուց ծեծված ստերն ու կեղծիքները` ներկայացնելով դրանք իբր պատմական իրողություններ: Դրանց թվում է, այսպես կոչված, «Մեղրիի տարբերակը»: Կրկին հայտարարում եմ. ոչ Քի-Վեսթում, ոչ էլ այլուր, բանակցությունների որևէ փուլում Մեղրիի կամ ՀՀ որևէ այլ տարածքի փոխանակման հարց չի քննարկվել: Դա հերյուրանք է և պատմության խեղաթյուրում: Իսկ ինչ վերաբերում է «լավ չենք ապրելու, մինչև չլուծենք» տեր-պետրոսյանական բանաձևին, ապա այն քննադատության չի դիմանում: Հիշեցնեմ, որ 2000-2008թթ. Հայաստանի տնտեսությունը երկնիշ տնտեսական աճ է գրանցել»,- ասել է Սողոմոնյանը, հայտնում է 2-րդ.am-ը:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ՀՀ առաջին նախագահն ասել է. « Ցավոտ լուծումների, փոխզիջումային լուծումների պետք է պատրաստեին ժողովրդին: 2 կողմն էլ բավարարված չի լինելու: Եթե տարածքները տանք անկախության փոխարեն, ժողովրդի ու քաղաքական գործիչների մեծ մասը դժգոհ է մնալու: Ադրբեջանում էլ, եթե տարածքները հետ ստանան, բայց ճանաչեն ԼՂ անկախությունը, ժողովուրդը էլի դժգոհելու է, քանի որ ԼՂ-ն վերջնականապես կանջատվի Ադրբեջանից: Իդեալական լուծում չի լինելու»:

 Ուշագրավ
---