«Քաղաքացի դիտորդ». Ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողներին ճնշում են

«Քաղաքացի դիտորդ». Ընտրակեղծիքների մասին բարձրաձայնողներին ճնշում են

PanARMENIAN.Net - Ապրիլի 4-ին հրապարակվել են ընտրողների ստորագրած ցուցակները, ինչից հետո, ապրիլի 5-ին քաղաքացի Արմինե Ամեխյանը դիմել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի գրասենյակ՝ հայտնելով, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ստորագրած ցուցակում նկատել է, որ իր անվան դիմաց (հերթական համարը՝ 536) կա կնիք և ստորագրություն, մինչդեռ ինքը չի մասնակցել քվեարկությանը։

Այնուհետև նույն օրը վերջինս կատարվածի մասին ստորագրել է համապատասխան դիմում-հայտարարություն՝ անձամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար։ Սակայն հաջորդ օրը՝ ապրիլի 6-ին, Ա.Ամեխյանը եկել է ՀԿ-ի գրասենյակ և հայտնել, որ ինքը լավ չի հիշել՝ իրականում մասնակցել է քվեարկությանը, և իր փոխարեն քվեարկություն չի կատարվել: Այդ պատճառով ինքը դիմումը ԿԸՀ չի մուտքագրել և ՀԿ-ից պահանջել է վերադարձնել իր կողմից ստորագրված փաստաթղթերի բնօրինակները: Մի շարք հարցադրումներից պարզ էր, սակայն, որ նրա հայտնած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Ապրիլի 9-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի N162-Ա որոշման մեջ հիշատակվում է, որ այլ անձի փոխարեն քվեարկության մասին ստացվել է «մեկ դիմում քաղաքացի Արմինե Ամեխյանի կողմից, որի համաձայն դիմումատուն ընդգրկված է եղել թիվ 33/39 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընտրության չի գնացել, սակայն իր անվան դիմաց առկա է եղել ստորագրություն»։

Թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է դիմումը և պարզել, որ թիվ 33/39 տեղամասի ընտրողների ցուցակի թիվ 536 տողում ընդգրկված ընտրող Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն այլ անձի կողմից, և նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այսինքն, արձանագրված փաստ է, որ Արմինե Ամեխյանի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն, ուստի մտահոգիչ է այդ ամենը նրա չհիշելու հանգամանքը, հայտնում է «Քաղաքացի դիտորդը»:

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը: Հայտարարությունը որևէ ձևով չի արտացոլում Եվրոպական միության և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի տեսակետները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---