ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն. Խարդախության գործով քննություն է եղել, հայտնել ենք ՀՀ իշխանություններին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն. Խարդախության գործով քննություն է եղել, հայտնել ենք ՀՀ իշխանություններին

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հայտնել է Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին:

Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աշխատակիցներից մեկը ձերբակալվել է ընթացող քննության շրջանակներում, տեղեկացնում է ԵՄ երևանյան գրասենյակը:

Նշվում է, որ Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ և թափանցիկ քննության իրականացմանը:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը:

Ապրիլի 27-ին հայտնի է դարձել, որ ԵՄ-ի երևանյան գրասենյակի աշխատակից է ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:

ՔԿ վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 10 անձ, կան նաև հետախուզման մեջ գտնվող անձինք:

2016-ի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական Միության ծրագրերի շրջանակում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---