7 նոյեմբերի 2007 - 13:56 AMT
Թբիլիսիում ջրցան մեքենաների եւ գազի օգնությամբ ցրվել է ընդդիմության հանրահավաքը
Չորեքշաբթի վաղ առավոտյան վրացական ոստիկանությունը դուրս է մղել բողոքի ցույցի մասնակից ընդդիմադիրներին Թբիլիսիի խորհրդարանի մեձակա հրապարակից: Վրաստանի հատուկ նշանակության ուժերը կիրառել են գազ եւ ջրցան մեքենաներ հանրահավաքը ցրելու համար: Հատուկ նշանակության ուժերի ներկայացուցիչները կոչ են արել հանրահավաքի մասնակիցներին ցրվել, անհնազանդության դեպքում սպառնալով կիրառել «բոլոր օրինական միջոցները»: Մի քանի րոպե անց գործի են դրվել ջրցան մեքենաները: Նախնական տվյալներով, ոստիկանության գործողությունների ժամանակ հրապարակում եղել են ընդդիմության մի քանի տասնյակ մասնակիցներ, այդ թվում հացադուլի շուրջ 20 մասնակիցներ:

Թբիլիսիից ստացված հաղորդագրությունների համաձայն, ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, այդ թվում հանրահավաքի կազմակերպիչներից մեկին` Վրաստանի նախկին պետնախարար Գեորգի Խայնդրավային: Ներկայումս խորհրդարանի առջեւի տարածքը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ: Ընդդիմության ցույցի մասնակիցները հավաքվել են հարեւան պուրակում:

Ընդդիմադիրներն այսօր մտադիր էին հերթական զանգվածային հանրահավքն անցկացնել ժամը 12-ին: Բացի այդ, հաղորդվում է, որ չորեքշաբթի ընդդիմությունը նախատեսում էր վրանային ճամբար բացել Վրաստանի խորհրդարանի առջեւ: Թբիլիսիի ոստիկանության ղեկավար Գեորգի Գեգեչկորին հաղորդել է, որ երեք մարդ է ձերբակալվել, որոնք դիմադրել են ուժային կառույցների աշխատակիցներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հիշեցնենք, որ միավորված ընդդիմության հանրահավաքը Թբիլիսիում սկսվել էր նոյեմբերի 2-ին: