ՀՀ նախագահն Արցախում հանդիպել է զինծառայողների և զորացրված սպաների հետ

ՀՀ նախագահն Արցախում հանդիպել է զինծառայողների և զորացրված սպաների հետ

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Շուշիում հանդիպում է ունեցել 2017 թվականին զորացրված, ինչպես նաև ներկայումս ժամկետային զինծառայության մեջ գտնվող և ծառայության ընթացքում խիզախության համար խրախուսման արժանացած մի խումբ զինծառայողների և զորացրված սպաների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ինչպես նաև լեգենդար զինվորականներ` գեներալ լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը և գեներալ մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, որոնց անցած ուղին օրինակ է ներկայիս զինծառայողների համար:

Նախագահը զինծառայողներին առաջարկել է անկաշկանդ խոսել իրենց անհանգստացնող խնդիրների, պաշտպանության ոլորտի արդիականացման, բարեփոխումների, հայրենիքի հետագա հզորացման ու զարգացման պատկերացումների մասին և ներկայացնել իրենց առաջարկությունները: Սարգսյանը նաև պատրաստակամություն է հայտնել պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, լսել զինվորականների կարծիքները պաշտպանության նախարարի առաջարկած «Պատիվ ունեմ» և «Ես եմ» գաղափարների վերաբերյալ:

«Այսպիսի ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս մի կողմից` որպես խրախուսանք օգտագործել այս հանդիպումները, որովհետև դժվար թե ձեզնից շատերը հնարավորություն ունենային հանդիպելու Կոմանդոսի, Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, մյուս կողմից էլ` դա մեզ հնարավորություն է ընձեռում ուշադրություն դարձնել այն հարցերի և հանգամանքների վրա, որոնք, միգուցե, առաջին հայացքից մեզ համար տեսանելի չեն՝ սկսած ձեր համազգեստի հարմարավետությունից, ձեր սպառազինության ամբողջականությունից, վերջացրած մինչև մարտական պատրաստականության խնդիրներ:

Այսօր մեզ բոլորիս համար շատ հիշարժան օր է, շատ հիշարժան օր, որովհետև, եթե 25 տարի առաջ չլիներ այս օրը, մենք ոչ միայն հնարավորություն չէինք ունենա այստեղ նստելու, այլ միգուցե արդեն կորցրած կլինեինք այս Արցախ աշխարհը, որովհետև Շուշիի գրավումը հնավորություն տվեց մեզ ամբողջովին մոբիլիզացնելու մեր ուժերը, դառնալու «ազգ-բանակ» ու հասնելու նրան, որ Ղարաբաղն ամբողջովին ազատագրվի, և ապահովվի գոնե այստեղ ապրողների անվտանգությունը:

Հիմա շատերն են փորձում խոսել, մեկնաբանել՝ ոմանք դրական տեսանկյունից, ոմանք բացասական, ուրիշներն ինչ-որ տեղ նաև հեգնական, այն գաղափարը, որ առաջ քաշեց պաշտպանության նախարարը, նկատի ունեմ` «ազգ-բանակ»-ը: Ովքեր լավ չեն ըմբռնում այս գաղափարի էությունը, նրանց խորհուրդ կտամ շփվել այն մարդկանց հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել մեր ազատամարտին՝ անկախ նրանից` եղել են զինված ուժերի կազմում, թե ապրել են քաղաքացիական կյանքով»,-հանդիպման սկզբում ասել է նախագահը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին և հանդիպման մասնակիցներին ներկայացրել է պաշտպանության ոլորտի արդիականացման և բարեփոխումների շրջանակում կատարվող հերթական նախագիծը, որը կոչվում է «Դիտակետ»: Այն, ըստ նախարարի, կոչված է զորացրված զինծառայողների մասնակցությամբ զորամաս առ զորամաս վեր հանելու առկա խնդիրները, դրանց լուծումներ տալու և բանակում ապահովելու առավելագույն թափանցիկություն և հաշվետվողականություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---