Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում տեղակայված հայ խաղաղապահներին

Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում տեղակայված հայ խաղաղապահներին

PanARMENIAN.Net - Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ընդունել է Լիբանանի հարավում տեղակայված ՅՈՒՆԻՖԻԼ (UNIFIL) միջազգային խաղաղապահ ուժերի մաս կազմող հայ զինծառայողներին` զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:

Ինչպես տեղեկացնում են Անթիլիասի կաթողիկոսարանի հաղորդակցության և տեղեկատվության բաժնից, Կարեն Աթոյանը նշել է, որ խաղաղապահ զորախմբի անդամները մասնակցել են տարբեր զորավարժությունների, ինչպես նաև պաշտպանական գործողությունների։ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հայոց բանակի զինվորներին, նշել է, որ բանակը հայրենիքի առանցքն է, հզորության աղբյուրը, անսասանության երաշխիքը:

«Այսօր Հայաստանն ու Արցախը բազմաթիվ մարտահրավերների առջև են, ունեն բազում կարիքներ: Հայոց բանակը կոչված է զորեղ ու կենսունակ պահել հայրենիքը։ Փառք Աստծո, որ հայությունն ունի հզոր բանակ: Հայկական բանակի որակն արդիական սպառազինություն, մասնագիտական զենքեր ունենալով չի բնորոշվում, այլ ծառայության ոգով, նվիրումով, հավատքով, վճռականությամբ և պարտականության գիտակցությամբ»,- ասել է նա։

Վեհափառ Հայրապետը նաև նշել է, որ հայկական զորախմբի այցելությունն Անթիլիասի Մայրավանք զուգադիպել է Շուշիի ազատագրման 25 ամյակին: Նա շեշտել է, որ Շուշին ազատագրության խորհրդանիշ է, ինչպես նաև հայ ժողովրդի հավաքական կամքի ու հայրենիքի համար իր արյունը թափելու հանձնառություն։

Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին` ընդունելության, քաջալերական ու գոտեպնդիչ խոսքերի համար։ Նա վստահեցրել է, որ քաջարի զինվորներն ուր էլ գտնվեն նույն ոգով ու պատասխանատվությամբ պիտի շարունակեն իրենց առաքելությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը խաչեր ու աղոթագրքեր է նվիրել զինվորներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---