Մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ Պետերբուրգում տուժած հայուհին դիմել է ոստիկանություն

Մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ Պետերբուրգում տուժած հայուհին դիմել է ոստիկանություն

PanARMENIAN.Net - Պետերբուրգում «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցու հարվածից տուժած կինը 57-ամյա ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Ալիսա Սևիկյանն է:

Մայիսի 9-ին Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից հայտնել էին պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:

Ինչպես պատմել է Սևիկյանը PanARMENIAN.Net ին, մայիսի 10-ին նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ազգությամբ ադրբեջանցի մի խումբ անձանց դեմ, որոնք մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ Պետերբուրգում ներխուժել են հայկական շարասյան շարքերն ու վնաս հասցրել իր առողջությանը: «Նևսկի պողոտայի թիվ 44 տան մոտ մի խումբ ադրբեջանցիներ սկսել են ազգային հողի վրա վիրավորանքներ տեղալ, հարվածել Մեծ Հայրենական պատերազմի հայազգի մասնակիցների դիմանկարներին, խլել են երթի մասնակիցներից մեկի ձեռքից ՀՀ դրոշը: Ես նրանց նկատողություն արեցի, ինչն անտեսվեց և արդյունքում խուլիգաններից մեկը հրել է ինձ երկու ձեռքով, ես մեջքով ընկել եմ ասֆալտի վրա և ծանր վնասվածքներ ստացել: Այդպիսով, հակաիրավական գործողությունների արդյունքում վնաս է հասցվել առողջությանս»,-ասվում է Սևիկյանի հայտարարության մեջ:

Նա նաև հայտնել է, որ ընկնելիս, ձեռքից գցել է բջջային հեռախոսը, կոտրվել է էկրանն ու հետևի պանելը:

Տուժածը պատմել է, որ ամուսնու՝ Քաջավան Սևիկյանի հետ Պետերբուրգում է ապրում արդեն 14 տարուց ավելի, ծնունդով Ջավախքից են: Նրանք առաջին անգամ են միացել «Անմահ գունդը» ակցիային:

Քաջավան Սևիկյանն իր հերթին հայտնել է PanARMENIAN.Net –ին, որ երբ իրենք քայլում էին հայկական շարասյան շարքերում, նա նկատել է կողքից քայլող մի քանի ադրբեջանցիների: Ըստ նրա, նրանք հետևում էին հայ համայնքին և տեսագրում: Քաջավանը դիմել է ոստիկաններին, որպեսզի նրանք պարզեն, թե ինչ է կատարվում: «Հանկարծ լսեցի, ինչպես նրանցից մեկը ասում է՝ ահա դրոշը խլելու ամենահարմար պահը», -ասել է 60-ամյա Քաջավանը:

Երբ նա դիմել է հայկական շարասյան կազմակերպիչներին, զգուշացնելու համար պատրաստվող սադրանքի մասին, ադրբեջանցիների երիտասարդական միության ներկայացուցիչներից մեկը, որն ըստ «Նոր սերունդի» ակտիվիստների կազմակերպության փոխնախագահ Զուլֆիագր Իսմաիլովն էր, հրեց և վայր գցեց Ալիսա Սևիկյանին:

«Երբ տեսա, որ Ալիսան ընկել է ասֆալտին, անհապաղ իմ պապի դիմանկարով, որը կրում էի, հարվածեցի ադրբեջանցու գլխին, երբ նա պարծենում էր, թե պոկել է Ղարաբաղի դրոշը: Իմ հարվածից հետո նա փախավ», -ասել է Քաջավանը:

Նա հայտնել է, որ ոստիկանները հարցուփորձ են արել իրենց, ինչպես նաև կողքից քայլող ռուսներին և սադրանքը հրահրած ադրբեջանցիներին:

«Ադրբեջանցիները հարձակվեցին մեր վաշտի վրա ու կարծում էին, թե դա հենց այնպես կանցնի նրանց համար: Բոլորը տեսան, թե ինչ կատարվեց: Ի դեպ, մի ռուս աղջիկ վերադարձրեց Ղարաբաղի դրոշը», -ասել է Սևիկյանը:

Ավելի վաղ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը հայտնել էր, որ Պետերբուրգի հայ համայնքը պատրաստ է հայցով դիմել դատարան՝ մայիսի 9-ին «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ ադրբեջանցիների հարձակման կապակցությամբ:

Իր հերթին Պետերբուրգի հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովն ասել է, որ ադրբեջանցիների գործողությունները նախապես պլանավորված էին: «Ինչպես կարելի էր սպասել, ադրբեջանցիներն իրենց ոճում էին գործում՝ պատերազմը տեղափոխելով տեղեկատվական դաշտ: Նրանք օգտագործում են տեղական ԶԼՄ-ները բացահայտ սուտ տեղեկություններ տարածելու համար: Օրինակ, նրանք ասել են, թե 30 հայի են ծեծել՝ միաժամանակ սպառնալիքներ տեղալով մեր հասցեին, թե դատի կտան հայերին իրենց ակտիվիստներին ծեծելու համար, որ ունեն բժշկական տեղեկանքներ: Մենք սովոր ենք այդ վարքագծին, նրանք արդեն 20 տարի է՝ այդպես են վարվում»,- ասացԴավիդովը:

Սանկտ Պետերբուրգի հայ համայնքն ամեն տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային՝ Հայաստանի և Արցախի, Մեծ հայրենական պատերազմի հերոսների դիմանկարներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---