19 նոյեմբերի 2007 - 19:35 AMT
Ամերիկացի գրող Փիթեր Բալակյանին շնորհվել է «Մովսես Խորենացի» մեդալ
Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությանը տեղի է ունեցել ընդունելություն` հանրահայտ ամերիկահայ գրող-հրապարակախոս, ցեղասպանաբան, Քոլգեյթ համալսարանի պրոֆեսոր Փիթեր Բալակյանին ՀՀ նախագահի կողմից շնորհված «Մովսես Խորենացի» մեդալի հանձնման կապակցությամբ: ՀՀ պետական պարգեւը Փ. Բալակյանին հանձնելով` ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր է գնահատել բազմաթիվ մասնագիտական մրցանակների արժանացած նրա ստեղծագործությունները գրական ասպարեզում, նրան բնութագրել որպես հայկական հարցերում, այդ թվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում, հասարակական ակտիվ դիրքորոշում զբաղեցնող ամերիկահայ մտավորականի: Բալակյանը, շնորհակալություն հայտնելով ՀՀ պետական բարձր մեդալով պարգեւատրման կապակցությամբ, նշեց Հայոց մեծ եղեռնի, քսաներորդ դարի եւ ժամանակակից այլ ոճրագործությունների մասին պատմական հիշողության պահպանման, դրանց պատշաճ գնահատական տալու, պետական գերատեսչություններում եւ հետազոտական հաստատություններում բացատրական աշխատանքի կարեւորության մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հիշեցնենք, որ Փիթեր Բալակյանը հանդիսանում է «Վառվող Տիգրիս. Հայոց ցեղասպանությունն ու ամերիկյան ռեակցիան» հանրահայտ գրքի հեղինակը, որը The New York Times-ն անվանել է «տարվա բեստսելլեր»: