Կոտայքի և Գեղարքունիքի համար մինչև 2019-ը եվրոպական չափանիշներով աղբավայր կկառուցվի

Կոտայքի և Գեղարքունիքի համար մինչև 2019-ը եվրոպական չափանիշներով աղբավայր կկառուցվի

PanARMENIAN.Net - Մինչև 2019-ը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխան գործող աղբավայր, ինչը հնարավորություն կտա երկու մարզերի տարածքում իրականացնել կանոնավոր աղբահանություն և հավաքված աղբը տեղադրել շրջակա միջավայրին հասցվող վնասը բացառող աղբավայրում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի գործունեության աշխատանքային ծրագրի 4-րդ՝ «Աղբավայրերի տեղաբաշխման վերաբերյալ ներդրումային ծրագրի իրականացման գործընթացը և միջոցառումներ՝ ապօրինի աղբավայրերի գոյացումը բացառելու ուղղությամբ» կետի կատարման ընթացքի վերաբերյալ քննարկում: Քննարկումը վարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Արթուր Խաչատրյանը:

Ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբին ներկայացվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի Կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի ընթացքը, արձանագրված ձեռքբերումները:

Օրակարգային մյուս հարցով փոխնախարարը տեղեկացրել է «Մաքուր Հայաստան» միջոցառումների ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում գործող աղբանոցների փակման և աղբի մաքրման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ 138 քարտեզագրված աղբանոցներից արդեն փակվել է 88-ը, մոտ 20-ի փակման աշխատանքներն ընթացքի մեջ: Խաչատրյանի խոսքով՝ 30 աղբանոց կշարունակի գործել և ժամանակավորապես կսպասարկի մարզի բնակչությանը՝ մինչև նոր աղբավայրի շահագործումը:

Աշխատանքային խմբի նիստում տեղեկացվել է նաև, որ հետագա աղբանոցների գոյացումը բացառելու նպատակով մշակվել են զգուշացումների, ծանուցումների , վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների և վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումների ձևաթղթեր, որպեսզի տուգանքներ կիրառվեն չսահմանված և չնախատեսված վայրերում աղբ թափելու համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---