Պաշտոնաթող դատախազների ու քննիչների թոշակները 423.000 դրամ թողնելու օրինագիծն ընդունվել է

Պաշտոնաթող դատախազների ու քննիչների թոշակները 423.000 դրամ թողնելու օրինագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - ՀՀ դատախազներն ու քննիչները կշարունակեն 423.000 դրամ կենսաթոշակ ստանալ: ԱԺ-ում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրինագծերի փաթեթներն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել են:

Դատախազների, քննիչների կենսաթոշակներն անփոփոխ թողնելու մասին օրինագծերն ընդունվել են 61 կողմ, 35 դեմ և 0 ձեռնպահ համամասնությամբ:

Կարդացեք նաև PAN-ի հոդվածն այն մասին, որքան թոշակ են ստանում ՀՀ նախագահները, դատախազներն ու շարքային քաղաքացին:

Մինչև 2017-ի հուլիսի մեկ 20 տարվա մասնագիտական ստաժ ունեցող և 65 տարին լրացած դատախազները և քննիչները պետք է անցնեն կենսաթոշակի նախկին՝ 423.000 դրամ թոշակով:

Նախկինում 20-ամյա կենսաթոշակ հատկացվում էր նրանց, ովքեր աշխատանքից կհեռանային մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը։ Այժմ առաջարկվում է այդ իրավունքն անժամկետ դարձնել բոլոր նրանց համար, ովքեր ծնվել են մինչև 1974 թվականը (տարիքով ավելի կրտսերները մասնակցում են կուտակային կենսաթոշակային համակարգին)։

Այսպիսով, ըստ ընդունված օրինագծի՝ մինչև 1974 թ․ ծնված դատախազներն ու քննիչները պետք է կենսաթոշակը նախկին չափով ստանան։ Խնդիրն այն է, որ 2017-ի հուլիսի մեկից հետո 2014թ. օրենսդրական փոփոխություններով դատախազների, քննիչների կենսաթոշակը 423-ից պետք է իջեցվի 227.000 դրամի:

Նախագծի առաջին ընթերցման ժամանակ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարծիք է հայտնել, որ նախագծով խտրական վերաբերմունք է ցուցաբերվում:

ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ Հայաստանում դատախազները միջինից 10 անգամ ավելի կենսաթոշակ են ստանում, սակայն ի՞նչ է շահում հասարակությունը, հասկանալի չէ։

Դատաիրավական համակարգի աշխատակիցների թոշակները բարձրացնելու մասին օրենքը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու բնույթ ունի, հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Միաժամանակ, նա նշել է, որ 2013թ.-ին, երբ ընդունվեց քննիչների, դատավորների, դատախազների թոշակները բարձրացնելու մասին օրենքը, այն լուրջ խնդիրներ առաջացրեց, որովհետև 20-ամյա աշխատանքային ստաժ ունեցող փորձառու մասնագետները լքեցին համակարգը՝ բարձր թոշակ ստանալու պատճառով:

«Այդ մարդիկ համատարած գնում էին թոշակի և ստացվում էր, որ թոշակի գնացած դատախազն ավելի շատ փող էր ստանում, քան այդ պահին գործող դատախազը: Աբսուրդ: Իրավիճակը հանգեցրեց նրան, որ այո՛, աշխատող սուբյեկտները, որոնք պոտենցիալ ունեն, դուրս եկան համակարգից, դրա փոխարեն եկան երիտասարդներ, ովքեր ավելի ցածր էին ստանում, քան դատախազը, որը տանը նստած է»,- ասել է Կոստանյանը՝ հավելելով, որ խորհրդարանական ամբիոնից բոլորը խոսում են թոշակի բարձր կամ ցածր լինելուց, այնինչ «մենք ունենում ենք կադրային արտահոսք»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---