ՀՀ-ում առնվազն 3500 երեխա գտնվում է խնամքի հաստատություններում

ՀՀ-ում առնվազն 3500 երեխա գտնվում է խնամքի հաստատություններում

PanARMENIAN.Net - Հայաստանում առնվազն 3500 երեխա այժմ գտնվում է խնամքի հաստատություններում և սովորում է երկրի հատուկ դպրոցներում, այնինչ խնամատար ընտանիքներում ապրող երեխաներն ընդամենը 25-ն են:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրությունը մատնանշում է, որ երեխաները հայտվում են խնամքի հաստատություններում՝ ընտանիքի պառակտման, առողջական խնդիրների, սոցիալական ծառայությունների անհավասար մատուցման, հաշմանդամության և աղքատության ռիսկային գործոնների պատճառով:

Այս մասին հուլիսի 1-ին հայտնել են ՄԱԿ-ի գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աշոտ Մարգարյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Հայաստանը նպատակ ունի կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ նրանց համար ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայություններ տրամադրելով, ինչպես նաև՝ խոցելի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար սոցիալական ներառում խրախուսելով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության հետ գործընկերության միջոցով աշխատում է խնամքի հաստատությունների և հատուկ դպրոցների վերակազմավորման, ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերի զարգացման և հանրակրթական դպրոցներում խոցելի երեխաների համար ներառական միջավայրի ամրապնդման ուղղությամբ: Վերջին երկու տարիների ընթացքում 150 երեխա ստացել է կենսաբանական ընտանիք վերադառնալու կամ ազգականների հետ ապրելու, ինչպես նաև՝ իրենց հասակակիցների հետ հանրակրթական դպրոց հաճախելու հնարավորություն:

Տվյալները հրապարակել են հուլիսի 1-ին Child Abuse & Neglect միջազգային ամսագրում:

Աշխարհում առնվազն 2.7 միլիոն երեխա ապրում է խնամքի հաստատություններում: Սակայն այս տվյալները, հավանական է, որ միայն «սառցաբեկորի գագաթն» են՝ տարբեր երկրներում տվյալների հավաքագրման բացերի և անճշտությունների պատճառով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ուսումնասիրությունը հիմնված է 140 երկրից հավաքագրված տվյալների վրա:

Ըստ այդմ, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվի ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածաշրջանն է. յուրաքանչյուր 100.000 երեխայից 666-ն ապրում է երեխայի խնամքի հաստատությունում, ինչը 5 անգամ գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը, որը կազմում է յուրաքանչյուր 100.000-ից 120 երեխա: Արդյունաբերապես զարգացած երկրները և Արևելյան Ասիայի ու Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն ունեն երեխայի խնամքի հաստատություններում ապրող երեխաների թվով երկրորդ և երրորդ ամենաբարձր ցուցանիշն աշխարհում՝ յուրաքանչյուր 100.000-ից 192 և 153 երեխա համապատասխանաբար:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝ կրճատել խնամքի հաստատություններում գտնվող երեխաների թիվը՝ բոլոր հնարավոր դեպքերում կանխելով ընտանիքների պառակտումը և ամրապնդել ընտանեկան տիպի խնամք տրամադրող ծառայությունները, օրինակ՝ խնամատարությունը: Անհրաժեշտ է նաև խոշոր ներդրումներ կատարել ընտանիքների աջակցության համայնքահեն ծրագրերում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---