Պոլիտեխնիկում Գերազանցության կենտրոն է բացվել

Պոլիտեխնիկում  Գերազանցության կենտրոն է բացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հունիսի 5-ին կայացել է Գերազանցության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Այն ստեղծվել է աշխարհահռչակ ֆրանսիական «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության և ռուսական «Տաշիր» ընկերությունների խմբի համատեղ ջանքերով:

Գերազանցության կենտրոնը Երևանում բացվում է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում ընդգրկված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և ֆրանսիական կազմակերպության միջև Փարիզում համագործակցության հուշագրի ստորագրումից երեք ամիս անց, որը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում՝ Հանրապետության նախագահի ներկայությամբ:

Պատասխանատուների հավաստմամբ, տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ հնարավորություն կունենան հմտություններ զարգացնել և ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին: Նորաբաց կենտրոնը օգտակար կլինի նաև էլեկտրամատակարարման ոլորտի կայացած աշխատակիցների համար։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի, ԱՊՀ երկրներում «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության նախագահ Յոհան Վանդերպլայետսի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի, պաշտոնատար այլ անձանց և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել նորաբաց կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին, ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներով կենտրոնի հնարավորություններին: Այն կառուցվել է պոլիտեխնիկական համալսարանի բազայի վրա և «Շնեյդեր էլեկտրիկի» ու ազգային գիտական համայնքի սերտ համագործակցության առաջին փորձերից մեկը կդառնա:

Կենտրոնի բացման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Շնեյդեր էլեկտրիկ» ընկերության, «Տաշիր» ընկերությունների խմբի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչների միջև քառակողմ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---