Զվարճալի ու հետաքրքիր դեպքերը՝ մեծագույն կոմպոզիտոր Խաչատրյանի կյանքից

Զվարճալի ու հետաքրքիր դեպքերը՝ մեծագույն կոմպոզիտոր Խաչատրյանի կյանքից

PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 114-ամյակը: PanARMENIAN.Net ը հավաքել է կոմպոզիտորի, դիրիժորի ու մանկավարժի ստեղծագործական կյանքից մի քանի հետաքրքիր դրվագ:

Խաչատրյանն ու էքսցենտրիկ Դալինս

Արամ Խաչատրյանի և Սալվադոր Դալիի հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում: Դալին իմանում է, որ կոմպոզիտորը հյուրախաղերով գտնվում է իր քաղաքում և հրավիրում է Խաչատրյանին իր առանձնատուն: Վերջինս ընդունում է հրավերը, իսկ Դալին Խաչատրյանին ընդունելու համար Ամերիկայից հատուկ ժամանում է Իսպանիա: Խնդիրն այն էր, որ Դալին հայտնի էր իր էքսցենտրիկությամբ և արտասովոր վարքով: Դալին Դալին չէր լինի, եթե այդ հանդիպումն առանձնահատուկ չլիներ:

Նա մի քանի ժամ սպասեցնել է տալիս Խաչատրյանին իր հյուրասրահում: Կոմպոզիտորն արդեն պատրաստվում է հեռանալ, երբ ժամացույցն ազդարարում է ժամը 16:00-ն, վերջին զարկի հետ մեկտեղ, թաքնված բարձրախոսներից խլացուցիչ զրնգոցով լսվում է «Սուսերով պարը»: Դուռը բացվում է, ու ներս է խուժում մերկ Դալին՝ հատակի փայտին հեծնած, գլխից վերև էլ սուսերը թափահարելով: Նա մի քանի պտույտներ է կատարում Խաչատրյասնի շուրջ ու նորից անհետանում, որտեղից հայտնվել էր...

Սանդղամուտքի մոտ Խաչատրյանին հանձնեցին Դալիի շքեղ ալբոմը` հեղինակի մակագրությամբ` որպես անմոռանալի հանդիպման հուշանվեր: Այս պատմության մեկ այլ տարբերակով՝ հաջորդ օրը Դալին հանդիպել է Ա. Խաչատրյանին, ներողություն խնդրել և նրան նվիրել իր մանրանկարների ալբոմը, որը արժեր մի քանի միլիոն դոլլար:

«Սպարտակ» բալետի կրճատումը

Երևանում բեմադրվում էր «Սպարտակ» բալետը: Նվագախումբը ղեկավարում էր Յա. Ոսկանյանը: Սակայն, առաջին գործողության կեսից Խաչատրյանն անսպասելիորեն վեր կացավ և լքեց դահլիճը: Գործողությունն ավարտվեց, իսկ կոմպոզիտորը դեռևս չկար: Որոշ ժամանակ անց նրան գտան դրսում՝ օպերային թատրոնից ոչ հեռու:

«Եթե ես մնայի, ապա սարսափելի աղմուկ կբարձրացնեի», - սրտանց ասաց Խաչատրյանը: «Իսկ ինչ էր պատահել, չէ՞ որ հիանալի էր բեմադրությունը, նվագախումբը...» հարցին կոմպոզիտորը պատասխանեց. «Նրանք իմ երաժշտությունից կրճատեցին 4 ամբողջ տակտ»:

Չնայած ունկնդիրները խաչատրյանական երաժշտության փոքրիկ հատվածի «կորուստը» չէին էլ նկատել, այնուամենայնիվ նշված փաստը խիստ զայրացրել էր հեղինակին, որը շատ կարգապահ երաժիշտ էր և չափազանց պահանջկոտ էր կատարողների հանդեպ:

Խաչատրյանն ու Լյադոն

Խաչատրյանը կենդանիներ շատ էր սիրում: Գերմանիայում նրան արքայական պուդել են նվիրում, կոմպոզիտորը նրա անունը դնում է Լյադո (ըստ լյա և դո նոտաների): Կոմպոզիտորը միշտ զբոսնում էր Լյադոյի հետ, կերակրում, խաղում նրա հետ: Շան հանդեպ տածած սիրո մասին է վկայում Խաչատրյանի «Լյադոն լուրջ հիվանդացել է» պիեսը` նվիրված շանը:

Խաչատրյանն ու նոտաները

Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում:

Խաչատրյանն ու կանանց ձայնը

Գարնանը 1943-ին Իոսիֆ Ստալինը որոշել է, որ ժամանակն է փոխել պետական օրհներգը: Նա հավաքել է 160 երաժիշտի, որոնց թվում էին նաև Շոստակովիչը, Պրոկոֆևը, Խաչատուրյանը և Ալեքսանդրովը: Ժյուրին 14 ստեղծագործություն է ընտրել և կազմակերպել է դրանց ունկնդրումը Մեծ թատրոնում: Լսելով հավանական օրհներգերը՝ Ստալինը հարց է ուղղել.

- Ընկեր Խաչատուրյան, ինչ եք կարծում՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի երաժշտության որակն էլ ավելի լավը դառնա:

- Ինձ թվում է, որ լավ կլիներ, եթե երգչախմբում նաև կանայք երգեին, - ասաց Խաչատրյանը: - Կանայք պետք չեն, - արձագանքեց Ստալինը:

Խարատրյանն ու նոտաների թուղթը

Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է.

– Իսկ որտեղի՞ց եք գնել նոտաների այսպիսի լավ թուղթ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---