Հանրապետության հրապարակի մոտ Արամ Մանուկյանի հուշարձանն է տեղադրվելու

Հանրապետության հրապարակի մոտ Արամ Մանուկյանի հուշարձանն է տեղադրվելու

PanARMENIAN.Net - 2018-ին, Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, Հանրապետության հրապարակի մոտ կտեղադրվի Առաջին հանրապետության հիմնադիր, Հայ ազգային-ազատագրական պայքարի մասնակից, պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։

Այս որոշումը կայացրել Երևանի քաղաքապետարանը: Հայտարարվել է մրցույթ, որի վերջնաժամկետը օգոստոսի 10-ն է։ Առաջին մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կստանա հուշարձանն իրականացնելու իրավունք: Երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգևատրվի 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգևատրվի 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:

Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, հայտնում է Sputnik Արմենիան:

Պետական, հասարակական գործիչ Արամ Մանուկյանը ծնվել է 1879թ. Զեյվայում (այժմ` ՀՀ Սյունիքի մարզ, գյուղ Դավիթ Բեկ): Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է եղել:

Կազմակերպել և ղեկավարել է 1915թ.-ի Վանի ինքնապաշտպանությունը, որի հաղթական ավարտից հետո ղեկավարել է Վանի նահանգապետությունը (գոյատևել է 70 օր՝ անկում ապրելով ռուսական զորքերի անակնկալ հեռանալուց հետո):

1916-1917թթ.-ին Արամ Մանուկյանն աշխատել է Թիֆլիսի հայոց Ազգային բյուրոյում և ՀՅԴ բյուրոյում (զբաղվել հիմնականում արևմտահայ գաղթականության հարցերով): Մեծ դեր է խաղացել արևմտահայերի առաջին համագումարի կազմակերպման գործում: 1917թ.-ին որպես Հայոց ազգային խորհրդի լիազոր-ներկայացուցիչ ժամանել է Երևան: Ծանոթանալով տեղում ստեղծված ծանր պայմաններին՝ Արամ Մանուկյանը կտրուկ միջոցներ է ձեռնարկել իրադրությունը կայունացնելու համար, գլխավորել է նոր ստեղծված Հատուկ կոմիտեն, որն օժտել է նրան լայն լիազորություններով: Մանուկյանը բազմաթիվ կոչերով ու հրամաններով դիմել է հայ ժողովրդին՝ կազմակերպված պայքար մղելու, սեփական ուժերին վստահելու, թուրքական հարձակումներից երկրի պաշտպանությունը նախապատրաստելու համար.

«Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին՝ թե՛ ճակատը պաշտպանելու և թե՛ երկրի ներսը կարգ հաստատելու»:

Սարդարապատի և Բաշ Ապարանի հերոսական մարտերի (1918թ.-ի մայիս) ժամանակ ապահովել է հայկական բանակի թիկունքը:

Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը մինչև 1918թ.-ի հուլիսի 23-ը, երբ Երևան ժամանեց Թիֆլիսում ստեղծված Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Նոր կառավարության մեջ Մանուկյանը ներքին գործերի նախարար էր և այդ պաշտոնը վարել է մինչև մահը, իսկ աշխատանքի և խնամատարության նախարար Խաչատուր Կարճիկյանի սպանությունից հետո, մոտ մեկ ամիս` 1918թ.-ի նոյեմբերի 15-ից-1918թ.-ի դեկտեմբերի 13-ը հանրային խնամատարության և աշխատանքի նախարարի պաշտոնակատարն էր: Մահացել է 1919թ.-ի հունվարի 29-ին բծավոր տիֆից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---