Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը կարող են սառեցվել

Կարկուտից տուժած գյուղացիների վարկերը կարող են սառեցվել

PanARMENIAN.Net - 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի գյուղատնտեսության ոլորտում ավելի քիչ վնասներ, ավելի քիչ տուժած համայնքեր կան: Այդ մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը «Կարկտահարություն Արմավիրի մարզում. վնասներ, կանխարգելում, լուծումներ» թեմայով քննարկման ժամանակ:

Խոսելով փոխհատուցման մասին՝ Աշոտ Հարությունյանն ընդգծել է, որ նախորդ տարի մայիսից-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում վնասվել էր 158 համայնք, որի դիմաց գյուղացիներին փոխհատուցվել է ոռոգման ջրի վարձը և հողի հարկի զիջում է եղել: Փոխնախարարն ասել է, որ այս տարի ևս վերը նշված զիջումները կարվեն, ինչպես նաև կքննարկվեն բանկերում գյուղացիների վարկերի սառեցման խնդիրները, հայտնում է Aysor.am-ը:

«Երբեմն վատի մեջ էլ պետք է լավը փնտրենք: Այո, ընդունում ենք, որ Արմավիրի մարզում 7 և ավելի համայնք տուժել է կարկտահարությունից, հողօգտագործողները բավականին մեծ վնասներ են կրել, որոշ տեղերում վնասները 100 տոկոսի են հասել, բայց ընդհանուր առմամբ, եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա այս տարի վնասներն ավելի քիչ են: Բնությունն այս տարի բարեհաճ է գտնվել կլիմայի առումով», - ասել է փոխնախարարը:

Նա հորդորել է արմավիրցիներին համբերատար լինել՝ նշելով, որ բացի Արմավիրից, կարկուտի պատճառով վնաս է հասցվել նաև հանրապետության այլ մարզերին, և այս պահին նախարարությունը գնահատում է կորուստների չափը:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանն էլ առաջարկել է 100 տոկոսով փոխհատուցել հողի հարկի և ոռոգման ջրի վարձերը:

«Մենք առաջարկել ենք սառեցնել տոկոսադրույքների վճարումը, ինչքան երկար ժամանակով, այդքան լավ: Հնարավորության սահմաններում առաջարկել ենք գյուղատնետսական տնտեսություններին անվճար սերմնացուներ տրամադրել: Հուսով եմ, որ կառավարությունը կքննարկի ու համապատասխան լուծումներ կկայացնի», - հավելել է նա:

Հունիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած ուժգին կարկուտից 9 համայքնում վնասվել է միրգ-բանջարեղենը: «Տարբեր համայնքներում վնասների չափը տարբեր է. 30-40%-ից մինչև 100% բերքը վնասվել է: Տուժել է կարտոֆիլը, լոբին, խաղողը և այլն», - ասել են մարզմետարանում: Յուրաքանչյուր համայնքում բերքի վնասի չափը գնահատելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել: Վնասների չափերի մասով տվյալները կներկայացվեն կառավարությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---