2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ

2016-ի վերջին ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.3 մլրդ

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2016-ին ճշգրտված տվյալներով կազմել է $5.9 մլրդ, որից արտաքինը՝ $4.3 մլրդ: Տվյալները հունիսի 26-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Դրանից 5.4 միլիարդը կառավարության պարտքն է, 505 միլիոն դոլարը՝ Կենտրոնական բանկինը»,- ասել է նա՝ մանրամասնելով, որ ներքին պարտքը՝ $1.137 մլրդ: «Երաշխիքներով տրված վարկերը, որոնք հիմնականում Կենտրոնական բանկի միջոցով տրված վարկերն են, կազմել են $146 մլն»,- ասել է նախարարը:

ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի աճով.

«Ինչքա՞ն շատ և մինչև ե՞րբ հնարավոր է պարտք վերցնել», - հարց է բարձրացրել պատգամավորը:

Նախարարն էլ պարզաբանել է, որ իր զեկույցում ներկայացված ցուցանիշները հարաբերական են, հետևաբար, երբ խոսվում է պետական պարտքի մասին, պիտի այն համեմատել ՀՆԱ-ի հետ, գրում է Aysor.am-ը:

«Անվանական առումով պարտքի մեծացումը խնդիր չէ: Եթե եկամուտներդ չի հերիքում, որ ծախսերդ կատարես, պիտի պարտք վերցնես: Մենք շարունակելու ենք պարտք վերցնել», - ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ պարտքը պետք է տնտեսական աճ գրանցելու համար:

«Եթե ես կարողանում եմ այնպես աշխատել, որ ինձ մոտ տնտեսական աճն ավելի լինի, քան՝ պարտքը, պիտի պարտք վերցնեմ: Պարտք ՀՆԱ ցուցանիշը պետք է կայունանա շնորհիվ ՀՆԱ-ի աճի: Հունաստանի ձախողումը չպիտի կրկնենք: Հունաստանը առանց ռեֆորմ անելու գնաց պարտքի կտրուկ կրճատման, ու սա ավելի խորացրեց իրավիճակը: Ճիշտ քաղաքականությունը պարտք վերցնելն է, շեշտադրումը կապիտալ ծախսերի վրա պետք է լինի, ընթացիկ ծախսերն էլ պիտի վերաիմաստավորել», - հավելել է նա:

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2016-ի օգոստոսի դրությամբ կազմել էր $5.484 մլրդ, որից ՀՀ արտաքին պարտքը կազմել է $4.541 մլրդ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---