ՀՀ-ում Սահմանադրության օրն է. Նախագահը վստահ է՝ բարեփոխված տարբերակն ավելի դեմոկրատ է

ՀՀ-ում Սահմանադրության օրն է. Նախագահը վստահ է՝ բարեփոխված տարբերակն ավելի դեմոկրատ է

PanARMENIAN.Net - 1995-ի հուլիսի 5-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց ՀՀ Սահմանադրության հաստատման համաժողովրդական հանրաքվե: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակել պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական և ժողովրդավարական պետություն դառնալու գործը, ինչն ամրագրված է 1991թ. Հայաստանի անկախության հռչակագրում:

Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ նախագահին վերապահված լայն լիազորություններով: 2001թ. ՀՀ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց:

2015-ի դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որին մասնակցել է ընտրողների 50.51%-ը: Փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրելու իրավունք ունեցողների մոտ 63%-ը՝ 825.851 քվե: Դեմ է քվեարկել 421.600 ընտրող կամ մոտ 32%-ը:

Սահմանադրական փոփոխություններով կատարվել է անցում կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական կառավարման համակարգի:

1995-ին Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել օրվա առթիվ՝ համոզմունք հայտնելով, որ Սահմանադրության ներկա՝ բարեփոխված տարբերակն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում ժողովրդավարության զարգացման, իշխանության թևերի միջև հավասարակշռության պահպանման և ընդհանրապես՝ մեր երկրի համակողմանի և անցնցում զարգացման համար:

«Անկասկած, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ունենալու ենք ավելի արդար և ավելի կայուն պետություն և հասարակություն»,- նշել է նա:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին. «Այսօր՝ սահմանադրական բարեփոխումների իրացման ճանապարհին, մենք բոլորս մեծ անելիքներ ունենք: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց: Բոլորս պետք է պատասխանատվության զգացում ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ ու ամեն օր աշխատենք այդ ապագան ավելի լավը դարձնելու համար: Այս առթիվ շնորհավորում եմ մեզ բոլորիս և ցանկանում վստահեցնել Սահմանադրության և իրավունքի գերակայության ապահովման մեր վճռականության մասին»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը: Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---