ՍԱՊԾ. Մի շարք պաղպաղակ արտադրողների արտադրանքի իրացումը կասեցվել է

ՍԱՊԾ. Մի շարք պաղպաղակ արտադրողների արտադրանքի իրացումը կասեցվել է

PanARMENIAN.Net - ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, առաջնորդվելով ստուգումների տարեկան ծրագրով, պաղպաղակի արտադրության ոլորտում առա ռիսկերով և ստացված ահազանգերով, հուլիսի սկզբից Երևանում և հանրապետության մարզերում պետական վերահսկողություն է իրականացնում պաղպաղակի շուկայում:

ՍԱՊԾ մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ ստուգումներ և դիտարկումներ են իրականացվում սննդի շղթայի օպերատորների բազայում հունիսի 1-ի դրությամբ գրանցված՝ պաղպաղակի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող 19 տնտեսվարողի մոտ, այդ թվում և՝ փափուկ պաղպաղակ իրացնող տնտեսվարողների մոտ:

Վերահսկողություն է իրականացվել «Թամարա և Անի», «Երևան Կաթ», «Արմ Սվիթ», «Արմսվիթ», «Թամարա», «Բիո Կաթ», «Էլիտ Շանթ», «Հայր և որդի Շուշանյաններ», «Յունիո Ջելատի», «Միքս վե Գրուպ», «Իգիթ», «Դոլչեզա», Ալեքս Հոլդինգ (պաղպաղակներ՝ «Բոնիլատ», «Աշտարակա կաթ», «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»), «Ոսկե Պինգվին», «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա», «Ձյան Փաթիլներ» ՍՊԸ-ներում, ինչպես նաև «Գրանտ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում և Ա/Ձ Արփենիկ Ղազարյան ու Ա/Ձ Իրինա Լազարյան-ի մոտ:

Պետական վերահսկողության ընթացքում արձանագրվել են ինչպես փաստաթղթային-մակնշման, այնպես էլ լաբորատոր փորձաքննության արդյունքներով հաստատված խախտումներ: Հիմնական խախտումներ են՝ մակնշման, հումքի և փաթեթավորող նյութերի փաստաթղթավորմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, համապատասխանության գնահատման ընթացակարգերի և աշխատակիցների նախնական ու պարբերական բժշկական զննությունների խախտումներ, սանիտարահիգիենիկ պահանջները չպահպանելու դեպքեր:

Մակնշման և փաստաթղթային անհամապատասխանությունները հիմնականում պայմանավորված են Եվրասիական տնտեսական միության սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող տեխնիակական կանոնակարգերի պահանջների կիրառմամբ, որոնց հիմքով կասեցվել է մի շարք արտադրողների ինչպես պատրաստի արտադրանքի իրացումը, այնպես էլ հումքի օգտագործումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ արտադրողների մոտ դեռևս առկա է ԵԱՏՄ պահանջներին չհամապատասխանող մակնշմամբ փաթեթավորող նյութերի մնացորդ, պատրաստի արտադրանքի մակնշման անհամապատասխանություննեը հանձնարարվել է վերացնել կրկնապիտակների միջոցով: Պետական վերահսկողության շրջանակներում ապրանքատեսակներից նմուշներ են վերցվել և ուղարկվել լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքների հիման վրա կասեցվել են հինգ պաղպաղակ արտադրողների՝ «Թամարա և Անի», «Ա. Ավետյանի Ա.Ս.Ա», «Իգիթ», «Ոսկե Պինգվին», «Արմսվիթ» ՍՊԸ-ների արտադրական գործընթացի առանձին գործառույթներ:

Տնտեսավարող սուբյեկտների կողմից արտադրված պաղպաղակի խմբաքանակն օգտահանման կամ ոչնչացման նպատակով հետ է կանչվել շուկայից: Լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նաև ներկրված երկու արտադրատեսակներ՝ «Золотой стандарт», «Кореновский молочно-консервный комбинат»-ի պաղպաղակները, որոնցում անհամապատասխանություններ չեն արձանագրվել:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փափուկ պաղպաղակի բացօթյա առևտուրն արգելվում է՝ Ծառայությունը իրականացրել է շրջայցեր և կասեցրել այդպիսի մի քանի վաճառք: Մյուս դեպքերում՝ փափուկ պաղպաղակներից կատարվել են նմուշառումներ, որոնք գտնվում են դեռ լաբորատոր փորձաքննության փուլում:

Պետական վերահսկողության շրջանակում արձանագրված անհամապատասխանությունների վերաբերյալ տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, դրանց նկատմամբ Ծառայության կողմից սահմանվել է հսկողություն: Մի քանի տնտեսվարողի մոտ պետական վերահսկողության միջոցառումները դեռևս ընթացքի մեջ են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---