Երևանում անվտանգության բարձր տեխնոլոգիաների առաջին ցուցահանդեսը կանցկացվի՝ ArmSecurity-ն

Երևանում անվտանգության բարձր տեխնոլոգիաների առաջին ցուցահանդեսը կանցկացվի՝ ArmSecurity-ն

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ, Երևանում կմեկնարկի ArmSecurity-2017 անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը՝ «Անվտանգ Հայաստան» խորագրով:

Բացման արարողությունը տեղի կունենա ժամը 10:15-ին «Երևան-Էքսպո» ցուցահանդեսային համալիրում, որտեղ բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:Ցուցահանդեսը կփակվի սեպտեմբերի 4-ին:

ArmSecurity-2017 բարձր տեխնոլոգիաների միջազգային առաջին ցուցահանդեսի պատվավոր հյուրեր են աշխարհի շուրջ 20 երկրի պաշտոնական պատվիրակություններ, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության անդամներ և այլ պետական մարմինների ղեկավարներ, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառումը կազմակերպվում է որպես համաժողով-ցուցահանդեսային համալիր՝ նպատակ ունենալով ցուցադրել բարձր տեխնոլոգիական, նորարարական լուծումներ, որոնք նպաստում են ՀՀ ԱԻՆ ստորաբաժանումների տեխնիկական վերազինմանը, հասարակական և քաղաքացիական անվտանգության հետ կապված խնդիրների լուծմանը, ինչպես նաև՝ հայկական և արտասահմանյան ձեռնարկությունների միջև գործնական կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:

Ցուցահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացվելու են աղետների ռիսկերի նվազեցման և դրանց հետևանքների չեզոքացման, փրկարարական գործողությունների իրականացման, արտակարգ իրավիճակների մոնիթորինգի համար նախատեսված նորարարական բարձր տեխնոլոգիական միջոցներն ու սարքավորումները: Միջոցառման գործնական ծրագրի շրջանակներում կանցկացվեն երկօրյա գիտաժողովներ` նվիրված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման, հրդեհային անվտանգության ապահովման, աղետների մարտահրավերների դեմ պատրաստվածության թեմաներին:

Նախատեսված են նաև քննարկումներ ՀՀ ԱԻ նախարարության ու կիբերանվտանգության ոլորտի ներկայացուցիչների, ապահովագրական ընկերությունների և արտադրական վտանգավոր օբյեկտների միջև` նվիրված արտակարգ իրավիճակներում բնակչության և տարածքների արդյունավետ պաշտպանության համակարգի ստեղծման խնդիրներին, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրության անհրաժեշտությանը և այլ թեմաների:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---