Բյուրականում հանդիպակաց հրդեհ է կազմակերպվել՝ չեզոք գոտի ստեղծելու համար

Բյուրականում հանդիպակաց հրդեհ է կազմակերպվել՝ չեզոք գոտի ստեղծելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մերձակայքում սեպտեմբերի 3-ից բռնկված հրդեհն ամբողջությամբ չի մարվել, սակայն, իրավիճակը վերահսկելի է և աշխատանքներ են տարվում հրդեհի ամբողջական մարման ուղղությամբ։ Իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ:

Հրդեհի սկզբնական բռնկումը Ղազարավան (Նազրվան) գյուղի սկզբնամասում է եղել և քամու հետևանքով տարածվել է՝ ընդգրկելով հարակից, այդ թվում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային տարածքների որոշակի հատվածը։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ինչպես «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի, այնպես էլ՝ «Գուգարքի անտառտնտեսության» աշխատակիցներ։

Սեպտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից կազմված հրդեհաշիջման խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանի գլխավորությամբ, ձեռնամուխ է եղել հրդեհաշիջման հատուկ օպերացիայի, որի միջոցով հնարավոր է եղել կանխել հրդեհի առավել շատ տարածումը՝ դեպի անտառային տարածքներ։ 7-10 կմ ճակատով իրականացվել է հանդիպակաց հրդեհի կազմակերպում, որի շնորհիվ ստեղծվել է չեզոք (բուֆերային) գոտի, որպեսզի հրդեհը չտարածվի հարակից անտառի ուղղությամբ։ Աշխատանքներն իրականացվել են մինչև 8։00։

Սեպտեմբերի 6-ի ամբողջ օրվա ընթացքում բռնկումները շարունակվել են, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ»-ի, ԱԻՆ-ի աշխատակիցներ և շրջակա գյուղերի բնակիչներ, ասվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Հրդեհի հետևանքով «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառային կենսաբազմազանությանը պատճառված վնասի հստակ չափը հնարավոր կլինի գնահատել վեգետացիոն շրջանում, սակայն, տեղեկացնենք, որ այրվել են հիմնականում բնաշիվային աճի կաղնիներ, դրանց ուղեկցող այլ ծառատեսակներ՝ թխկիներ, հացենիներ։ Նախնական տվյալներով՝ անտառային կենսաբազմազանությանը հասցված վնասի չափը մեծ չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---