Սթրայքբոլը Հայաստանում. Որտեղ կարելի է խաղալ ու ինչ արժե

Սթրայքբոլը Հայաստանում. Որտեղ կարելի է խաղալ ու ինչ արժե

PanARMENIAN.Net - Սթրայքբոլը սպորտային, մարտական թիմային խաղ է, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել նաև մեր երկրում: Երևանում խաղեր կազմակերպում են սթրայքբոլի ֆեդերացիան, Armenian Airsoft Army-ն ու Սթրայքբոլի ասոցիացիան: Գործում են նաև մի քանի այլ փոքրիկ խմբեր, որոնք ևս ժամանակ առ ժամանակ խաղեր են կազմակերպում:

Հայաստանի սթրայքբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2010 թվականի սեպտեմբերի 21-ին և վաղը կնշի ծննդյան 7-ամյակը, ինչի առթիվ PanARMENIAN.Net ը զրուցել է ֆեդերացիայի անդամ Կարեն Ավետիսյանի հետ:

Նա նշում է, որ շաբաթական առնվազն 1-2 խաղ են կազմակերպում: Շուտով մի փոքր կպասիվանան, քանի որ խաղը, ամեն դեպքում, սեզոնային բնույթ է կրում:

«Որոշ ժամանակ առաջ Հայաստանում սթրայքբոլը շատ ակտիվ զարգանում էր, հետաքրքրությունը մեծ էր, մրցումներ էինք կազմակերպում, սակայն վերջերս որոշակի նահանջ եմ նկատել: Մեր ֆեդերացիան գրանցված անդամներ շատ չունի, փոխարենն ունենք շատ ընկերներ, մշտական խաղացողներ»,- ասում է Կարենը:

Ֆեդերացիան սթրայքբոլի խաղերը կազմակերպում է ինչպես Երևանում՝ չգործող գործարանների, լքված շենքերի տարածքներում, այնպես էլ մայրաքաղաքից դուրս՝ Վանաձորում, Արզնիում, Հաճնում, Սևանում:

Խաղերին մասնակցել կարող են 16 տարեկանից բարձր անձնիք: Մասնակցությունը վճարովի է՝ մեկ խաղը 6-8.000 դրամի սահմաններում՝ կախված անցկացման վայրից, փամփուշտների քանակից և այլն:

Ինչ վերաբերում է հատուկ հագուստին և զենքերին, ապա առաջինը կարելի է գնել որսորդական խանութներից, իսկ զենքերն այստեղ թեև արգելված չեն, բայց ցավոք չեն վաճառվում. պետք է պատվիրել համացանցի միջոցով կամ գնել հարևան Վրաստանից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---