Հայտարարություն. ՀՀ-ն և ՌԴ-ն կշարունակեն ԼՂ կարգավորման խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրել

Հայտարարություն. ՀՀ-ն և ՌԴ-ն կշարունակեն ԼՂ կարգավորման խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրել

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ՌԴ-ն վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում խաղաղ և փոխադարձ ընդունելի լուծումներ փնտրելու իրենց հանձնառությունը՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում առկա սկզբունքների վրա: Այդ մասին ասվում է երկու երկրների խորհրդարանների գործընկեր հանձնաժողովների նախագահներն ստորագրած համատեղ հայտարարության մեջ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի և ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեն՝ կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևի գլխավորությամբ սեպտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել են համատեղ նիստ:

Հայտարարության մեջ բարձր է գնահատում ռուս-հայկական դիվանագիտական 25-ամյա հարաբերությունների ընթացքում ձևավորված միջխորհրդարանական փոխգործակցության մեխանիզմները՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա քաղաքական երկխոսության շրջանակում:

Ստորագրված համատեղ հայտարարությամբ կողմերը հայտնում են իրենց գոհունակությունը երկու պետությունների միջև առկա բարեկամական հարաբերությունների և համագործակցության շարունակական զարգացման և ամրապնդման հարցում:

Միջազգային քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի հետ կապված կողմերն ընդգծել են մոտ կամ համընկնող դիրքորոշումների առկայությունը մասնավորապես այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են աշխարհակարգի ձևավորման խնդիրներին՝ հիմնված բազմաբևեռության և միջազգային ինստիտուտների ամրապնդման, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների և նորմերի վրա, հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին: Այս համատեքստում կողմերը հայտնել են իրենց աջակցությունը ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղ զարգացման ապահովմանը: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտում արձանագրված հաջողությունները:

Կարևորվել է նաև փոխադարձ տնտեսական ինտեգրման խորացման և զարգացման անհրաժեշտությունը՝ Եվրասիական տնտեսական միության՝ որպես արդյունավետ և մրցակցային միավորի նպատակներին և խնդիրներին հասնելու համար:

Անդրադառնալով միջխորհրդարանական համագործակցության խնդիրներին՝ կողմերը կարևորել են համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ ԽՎ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում, առավել արդյունավետ փոխգործակցության համար միջխորհրդարանական հարթակներում գործողությունները համակարգելու պատրաստակամություն են հայտնել:

Որպես պետության արտաքին քաղաքականության անքակտելի տարր՝ կողմերը մեծապես կարևորել են նաև խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը, ընդգծել համատեղ նիստերի անցկացման պրակտիկան՝ դիտարկելով դրանք որպես հնարավորություն՝ ազդակներ հաղորդելու ազգային օրենսդրությունների զարգացմանը և ներդաշնակեցման գործընթացներին, իրավակիրառ պրակտիկայի կատարելագործմանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ համատեղ նիստն անցկացնել Երևանում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---