Վարչապետ. Իրանցի գործընկերների հետ «ռեսթարթ» կանենք մեր երկրների հարաբերությունները

Վարչապետ. Իրանցի գործընկերների հետ «ռեսթարթ» կանենք մեր երկրների հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը հարևան Իրանի հետ ունի տնտեսական համագործակցության, առևտրաշրջանառության ծավալների ավելացման մեծ ներուժ, ինչի իրացման ուղղությամբ էլ ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով Հայաստանում առկա տնտեսական ռեժիմներն ու հնարավորությունները: Այդ մասին Թեհրանում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղի հայ համայնքի, այդ թվում՝ գործարար հատվածի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր:

Նա առաջարկել է ամուր կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև նաև շահութաբեր բիզնեսներով:

Կառավարության ղեկավարը նախ ներկայացրել է պաշտոնական այցի ընթացքում անցկացված բանակցությունների մանրամասները և արդյունքները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Իրանի իշխանությունների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության հարցեր, մասնավորապես՝ Հայաստան, Իրան, Թուրքմենստան եռակողմ ձևաչափով փոխգործակցությունը: «Վստահ եմ, որ այս եռակողմ համագործակցությունը մեծապես կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Ընդհանրապես, մեր իրանական գործընկերների հետ պայմանավորվել ենք «ռեսթարթ» տալ մեր երկրների հարաբերություններին, համատեղ շարունակել կարողությունները միավորելու աշխատանքները՝ լավ արդյունքներ ունենալու համար», - ասել է վարչապետը:

Դիմելով իրանահայ համայնքի ներկայացուցիչներին՝ նա ասել է. «Առաջարկում եմ բոլորիդ ձեր քայլերով ամուր կամուրջ հանդիսանալ հայ-իրանական հարաբերությունների միջև ոչ միայն հայրենասիրական մղումներով, այլ նաև շահութաբեր բիզնեսներով: Համոզված եմ, որ Հայաստանում շահութաբեր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և մեր կառավարությունը կանգնելու է յուրաքանչյուր բիզնեսի կողքին: Բոլորիդ առաջարկում եմ ապրել երկու տան մեջ՝ մեկն այստեղ, մյուսը՝ Հայաստանում»:

Այնուհետև Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումները և շեշտել, որ հատկապես տնտեսական ոլորտում իրականացվող քայլերը միտված են բիզնեսի համար հավասար և բարենպաստ պայմանների ստեղծմանը: «Բարեփոխումներ ենք սկսել բոլոր ուղղություններով՝ հաշվի առնելով իրականացված ախտորոշման արդյունքները: Մեր նպատակն էր ախտորոշմամբ պարզել, թե ինչն է հատկապես խոչընդոտում տնտեսության զարգացմանը: Այդ առումով, մեր ծրագրերն ուղղված են կառավարման, տնտեսության արդյունավետության բարձրացմանը, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանն ու բարելավմանը», - ասել է վարչապետը:

Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա առաջին 8 ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 5,5 տոկոս տնտեսական աճ, այն պարագայում, երբ պետական բյուջեի նախագծով ի սկզբանե կանխատեսվել էր 3,2 տոկոսի աճ: «Ունենք 21 տոկոսի արտահանման, 28,6 տոկոսի ներմուծման աճ և ուրախալի է, որ ներմուծման շուրջ 50 տոկոսը կապիտալ ներդրումներ են ու միտված են բիզնեսի զարգացմանը, այլ ոչ թե սպառմանը: Մենք վճռական ենք զարգացնելու մեր երկրի տնտեսությունը և բիզնեսի համար ստեղծելու թափանցիկ, հավասար պայմաններ: Վստահ եմ, որ տնտեսական աճ ապահովելու բոլոր հնարավորություններն ունենք», - նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետ Կարապետյանը պատասխանել է իրանահայերի մի շարք հարցերին, որոնք վերաբերել են հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացմանը, Հայաստանում իրականացվող ծրագրերին, արդյունաբերության, զբոսաշրջության, տրանսպորտի, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում իրականացվող քայլերին և նախագծերին, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմանը և այլն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին կառավարության ղեկավարը շրջայց է կատարել «Արարատ» մարզամշակութային համալիրով, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---