Ալիկն ու Սերգեյը, աղքատությունն ու բռնությունը

Ալիկն ու Սերգեյը, աղքատությունն ու բռնությունը

PanARMENIAN.Net - Ալիկն ինժեներ էր, Սերգեյը` լեզվաբան: Ալիկը գիտության թեկնածու էր, Սերգեյը` գրում թեկնածուականը: Ալիկը ցանկացած հավաքույթի աղն ու համն էր, Սերգեյը` ևս:

Հետո սկսվեցին մութն ու ցուրտը:

Ալիկը միանգամից գնաց Սոչի` թողնելով տանը կնոջն ու 4 և մեկ տարեկան երեխաներին: Ալիկի բախտը բերեց: Շատ արագ սեփական խանութն ունեցավ, համեմատաբար ոտքի կանգնեց: Տուն փող չէր ուղարկում: Սոչիից զանգում էր մի քանի շաբաթը մեկ` նվնավալով ու մուննաթ գալով կնոջ վրա սիգարեթի կտրոնները հացի կտրոններով փոխանակելու համար. գամ՝ ի՞նչ եմ ծխելու: Գրեթե չէր գալիս, գալուց պահանջում վաճառել իրեն երբեք չպատկանած բնակարանը` Սոչիում տուն գնելու համար, նվնվում կամ մուննաթ գալիս, փչացնում բոլորի տրամադրությունը, կանգնեցնում մեծ տղային անկյուն մի 2 ժամով կամ սիլլում աղմկոտ խաղալու համար ու էլի գնում: Գնալուց մեծ որդու ծնունդին չէր զանգում, փոքրինին զանգում էր մի քանի օր ուշ` սեփական ծննդյան օրով, որ երեխաների շնորհավորանքը լսի:

Սերգեյը մնաց Հայաստանում: Տանը վառարանն առաջինը նետվեցին Մարքսի ու Էնգելսի հատորները: Երկրորդը` ստեղից-էնտեղից բերված փայտեղենն ու ցրտի պատճառով փակ սենյակների մանրահատակը: Երբ դա էլ պրծավ, կրակի մեջ գնաց Սերգեյի անավարտ դիսերտացիան ու կից գրականությունը: Երբ հերթը պիտի հասներ արկածային գրականությանն ու նորմալ մյուս գրքերին, Սերգեյը գժվեց. էրեխեքս ի՞նչ պիտի կարդան: Ու հեռացավ Ռուսաստան:

Սերգեյի բախտը չբերեց: Նա խանութ չուներ, սև գործ էր անում: Կնոջն ամեն հարմար առիթով ուղարկում էր նամակներ (հեռախոս չկար), որտեղ խստորեն կարգադրում էր՝ որ գիրքն էրեխեքը կարդան, որը՝ ոչ: Մի օր էլ Մոսկվայում որոշեց պաղպաղակ ուտել: Առավ, կերավ, մտաբերեց, որ էրեխեքը մի կես տարի շոկոլադ չեն կերել, սրտխառնոց զգաց ու դադարեցրեց քաղցրեղեն առնելը:

Մութն ու ցուրտը վերջացան: Սերգեյը վերադարձավ տուն, Ալիկը մնաց Սոչիում: Ալիկն, արդեն որդիների պահանջով, էլ չի զանգում երեխաներին, որոնցից մեկը տողերի հեղինակն է: Սերգեյը մինչև հիմա փնթփնթում է, որ էրեխեքը քիչ են կարդում, ու հեռավոր այն օրից ի վեր չի ուտում քաղցրեղեն:

Իմ լուսավոր մանկությունում, որը համընկավ մութ ու ցուրտի հետ, ամենատհաճ հիշողությունները կապված են համեմատաբար ապահովված հորս կարճատև այցերի հետ: Ինձ երբևէ լուրջ չէր ծեծում, մորս վրա երբևիցե ձեռք, իհարկե, չի բարձրացրել, սակայն նրա կարճատև ներկայությունը հենց այն հոգեբանական ճնշումն էր, որն, ըստ ընտանեկան բռնությանը վերաբերվող օրինագծին դեմ ելածներից ոմանց, ընդհանրապես հեքիաթ է: Ի տարբերություն մեր ընտանիքի, որը անարյուն ու, թերևս, նվազագույն տհաճ միջադեպերի գնով բաժանվեց ու փրկեց դրա առնվազն երեք անդամին ավելի ծանր հոգեկան ապրումներից, հազարավոր ընտանիքներ այդ ճոխությունն իրենց թույլ տալ չեն կարող ոչ թե այն պատճառով, որ աղքատ են, այլ հարևանների, բարեկամների ճնշումների, վատ ու վտանգավոր հայրերի ու այդ ամենից նվազագույն պաշտպանության մեխանիզմների բացակայության պատճառով:

Ու հիմա, երբ ընտանեկան բռնության դեմ պայքարի դեմ պայքարողները հայտարարում են, որ բռնության (ինչպես նաև, իհարկե, սպանությունների, գողությունների, ինքնասպանությունների ու ընդհանրապես ամեն վատ բանի համար) պատասխանատու է աղքատությունը, ես զարմանում ու զայրանում եմ: Հասկանո՞ւմ են արդյոք օրենքի հակառակորդները, որքան վիրավորական է բռնությունը կամ ընտանիքի հանդեպ անտարբերությունն աղքատությամբ բացատրելը նորմալ մարդկանց համար, որոնք կարող են աղքատ լինել, բայց ճաշն առանց միս ուտել` այն երեխաներին թողնելով, չխմել ու կանանց չծեծել, ամբողջ որը նվնվալու ու ընտանիքին թևաթափ անելու փոխարեն աշխատանք փնտրել, գնալ խոպան կամ սև գործ անել: Ու արդյո՞ք բռնությունն աղքատությամբ բացատրողները, սեփական տրամաբանությունը զարգացնելով, կպնդեն, որ ծեծում էին կանանց 90-ականներին, իսկ այսօր դադարել են:

Հ.Գ. Սերգեյի անունը փոխված է: Ալիկինը` ոչ:

Նիկոլայ Թորոսյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---