Նալբանդյան. Ադրբեջանը որքան էլ գառնուկ ձևանա, որևէ մեկին խաբել չի կարող

Նալբանդյան. Ադրբեջանը որքան էլ գառնուկ ձևանա, որևէ մեկին խաբել չի կարող

PanARMENIAN.Net - Ադրբեջանը որքան էլ գառնուկ ձևանա, որևէ մեկին խաբել չի կարող՝ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին, որքան Ադրբեջանի և ԵՄ-ի, Ադրբեջանի և միջազգային հանրության։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի արտգործնախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը հնարավոր է տեղի ունենա դեկտեմբերի 6-ին, 7-ին կամ 8-ին՝ Վիեննայում։

«Դեռ օրը կամ ժամը ճշտված չեն, բայց այդպիսի հանդիպման համաձայնություն տվել են երկու կողմերն էլ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, ապա, ՀՀ արտգործնախարարի խոսքով, եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով կոչ են անում զերծ մնալ ապակառուցողական մաքսիմալիստական դիրքորոշումներից և վերահաստատել հանձնառությունը՝ հիմնախնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

«Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում վերահաստատել հանձնառությունը միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքներին՝ ուժի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն։ Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։ Նրանք կոչ են անում հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Արդյո՞ք Ադրբեջանը դա անում է։ Եռանախագահները կոչ են անում իրականացնել Վիեննայում և ոչ միայն Վիեննայում (այդ հարցի շուրջ մենք խոսում ենք առնվազն վերջին 8 տարվա ընթացքում) միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին։ Արդյոք Ադրբեջանն անում է դա։ Եռանախագահները կոչ են անում ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի մոնիթորինգային կարողությունները։ Իսկ ինչ է անում Ադրբեջանը։ Անում է ամեն ինչ, որ եթե անգամ շատ ձևական թվի ավելացում լինի, ապա սահմանափակ լինեն մոնիթորինգային հնարավորությունները։

Եռանախագահներն ամենաբարձր՝ այդ երկրների նախագահների մակարդակով Դովիլում ընդունված հայտարարության մեջ կողմերին կոչ արեցին համաձայնություն տալ Կազանում հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների։ Արդյո՞ք Ադրբեջանը դա արեց։ Մոտ ութ-ինը տարի մենք քննարկում էինք հիմնարար սկզբունքները, հետո Ադրբեջանն ասաց, որ հիմնարար սկզբունքներ պետք չէ քննարկել։ Սա ոչ միայն Դովիլում, ոչ միայն Կազանում։ Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել։ Այնպես որ ինչ-որ հայտարարություններ անեն, իրենցից գառնուկ ձևացնեն, որևէ մեկին խաբել չեն կարող։ Ժողովրդական ասացվածք կա՝ ինչքան գայլի գլխին քարոզ կարդաս, գայլը մնում է գայլ»,- համեմատություն է կատարել Էդվարդ Նալբանդյանը։

ՀՀ արտգործնախարարը նաև նկատել է՝ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի՝ արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների մասին, որքան Ադրբեջանի և ԵՄ-ի, Ադրբեջանի և միջազգային հանրության։

«Այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել։ ԵՄ դիրքորոշումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել։ Դա կոնյուկտուրային դիրքորոշում չի եղել, այլ մտածված, բավական գիտակցված և այնպիսի մոտեցում է, որպեսզի վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին՝ նպաստի նաև հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։ ԵՄ այս դիրքորոշումը երբևէ չի փոխվել»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյան։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) նոյեմբերի 16-ին հայտարարությամբ են հանդես եկել Մոսկվայում նոյեմբերի 14-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա նոյեմբերի 16-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումների արդյունքներով:

Հանդիպումներին, որոնց մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, համանախագահները նախարարների հետ քննարկել են հոկտեմբերի 16-ին Ժնևում նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման կոնկրետ քայլերը, ինչպես նաև Ժնևում համանախագահների մատնանշած այլ խնդիրները:

Ընթերցեք նաև.Բրայզա. Լեռնային Ղարաբաղն ԱՄՆ և ՌԴ հաջող գործակցության օրինակ է

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---