Նախարար. Ջրի մաքրման և կրկնակի օգտագործման արտոնություններ են պետք

Նախարար. Ջրի մաքրման և կրկնակի օգտագործման արտոնություններ են պետք

PanARMENIAN.Net - Աղտոտված ջրի կրկնակի օգտագործման համար պետք է արտոնություններ սահմանել: Այդ մասին հայտարարել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ հավելելով, որ Հայաստանում պետք է կարգավորել ջրահեռացման ոլորտը՝ մաքուր շրջակա միջավայր ունենալու համար:

ԱԺ հանձնաժողովում քննարկել են ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը:

Նա նշել է, որ առ այսօր ՀՀ բնապահպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձրել ջրամատակարարման համակարգին, սակայն ջրահեռացման խնդիրը մնացել է ոչ լիարժեք կարգավորված, հայտնում է Panorama.am-ը:

«Մենք ջրային ռեսուրսների հարցն ուղղորդում ենք ավելի կանոնակարգված դաշտ: Արտադրական կեղտաջրերը չպետք է խառնվեն կոյուղաջրերի հետ: Երևանի Շենգավիթ վարչական շրջանում շատ մարդիկ աղտոտված ջրերով են ոռոգել իրենց հողերը, մինչդեռ նման բան չպետք է թույլ տալ: Բոլոր համայնքները պետք է ունենան ջրահեռացման համակարգեր, որոնք պետք է հասանելի լինեն ամբողջ ազգաբնակչության համար: Այս ծրագրերն իրացնելու ուղղությամբ պետք է նաև դրամաշնորհներ ներառել»,- ասել է գործադիրի ներկայացուցիչը ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման ժամանակ:

Արծվիկ Մինասյանի խոսքով, պետք է արտոնություններ սահմանվեն ջրի կրկնակի օգտագործման դեպքում, որպեսզի կազմակերպություններն ու քաղաքացիները մասնակից դառնան այս գործընթացին:

«Այս կարգավորումները բացում են դաշտ, որպեսզի մասնավոր սեկտորը տեսնի՝ ջրամաքրման միջոցով կարող է բիզնես նախագծեր սկսել: Այն մարդիկ ովքեր կվերցնեն և կմաքրեն ջուրը, պետք է իմանան, որ արտոնություններ կունենան. որոշ վճարումներ նրանց համար կնվազեցվեն, ընդհուպ կզրոյացվեն»,-նշել է բնապահպանության նախարարը:

Նա նաև ասել է, որ ներկայումս գործում է ջրերի մաքրման 6 մեխանիկական կայան, սակայն չկան ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համայնքներում կենսաբանական մաքրում իրականացնել:

«Մեր նպատակն է որակյալ ջրային համակարգ ունենալ»,- ընդգծել է Արծվիկ Մինասյանը:

2017-ի հունիսին Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում Փոխըմբռնման hուշագիր է ստորագրվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի և իսպանական GS Inima Environment S.A ընկերության միջև: Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է, որ կողմերը կհամագործակցեն Հայաստանում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների բարելավման ու զարգացման բնագավառում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---