ՀՀ նախագահի աշխատանքը Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմամբ

ՀՀ նախագահի աշխատանքը Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնակցելու նպատակով ժամանել է Ստրասբուրգ: Նախագահի ծրագիրը մեկնարկել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետիի հետ հանդիպմամբ:

Մինչ հանդիպումը Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել ԵԽԽՎ «Ոսկե գրքում»:

Այնուհետև Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Մինչ այդ, նախագահը ներկա է գտնվել ԵԽ մի շարք կոնվենցիաների ստորագրման արարողությանը: Փաստաթղթերը ստորագրել են ԵԽ Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ փաստաթղթերը գալիս են լրացնելու ԵԽ-ի շրջանակներում ՀՀ կողմից ստորագրած շուրջ ութ տասնյակ միջազգային պայմանագրերը:

Կողմերը, մասնավորապես, ստորագրել են` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:

Նախագահ Սերժ Սարգսյանը գրառում է կատարել նաև ԵԽ «Ոսկե գրքում»:

«Ինձ համար իսկապես պատիվ է վերադառնալ մեր մայրցամաքում ժամանակակից ժողովրդավարության այս օրրան, որը մարդու իրավունքների առաջամարտիկի համբավ ունի: Մեծապես կարևորում ենք մեր ընդլայնվող համագործակցությունը և համարում, որ Հայաստանում մշտապես ամրապնդվող ժողովրդավարությունն այդ սերտ հարաբերությունների մարմնավորումն է: Հայաստանը վերահաստատում է իր անվերապահ նվիրվածությունը այդ արժեքներին, քանի որ միասնական աշխատանք ենք իրականացնում՝ հանուն ժողովրդավար և խաղաղ Եվրոպայի մեր համընդհանուր տեսլականի»,-գրել է նախագահը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ-ների առջև հայտարարություններով, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---