Անօրինական միգրացիա կազմակերպող անդրազգային հանցավոր խումբ է բացահայտվել

Անօրինական միգրացիա կազմակերպող անդրազգային հանցավոր խումբ է բացահայտվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող անդրազգային հանցավոր խումբ: Խումբը ՀՀ տարածքով իրականացրել է օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Իրան, ապա՝ Թուրքիա:

Մասնավորապես, 2017-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել է հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածում Իրաքի 1, Ուզբեկստանի 1 և Իրանի 4 քաղաքացիների ապօրինի սահմանահատման 5 դեպք։

Անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դրանք կազմակերպել են ԻԻՀ-ում և ԹՀ-ում բնակվող նույն անձինք։ Վերջիններիս ուղղորդմամբ օտարերկրյա քաղաքացիները ժամանել են Հայաստան, այնուհետև տաքսի ծառայություններ մատուցող ազգությամբ հայ վարորդները, հիմնականում գիշերային ուշ ժամերին, նրանց տեղափոխել են անմիջապես հայ-իրանական սահմանագծի մոտ՝ կազմակերպիչների կողմից նախապես մատնանշված վայր։ Այնուհետև հանցավոր խմբի անդամներից մեկը, կտրելով պետական սահմանի ինժեներատեխնիկական կառույցների փշալարերը, սահմանախախտներին ուղեկցել է Իրանի տարածք՝ Թուրքիա տեղափոխելու համար։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական գործով 6 անձ ներգրավվել է որպես մե-ղադրյալ, նրանցից 3-ի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 3-ի նկատմամբ` հայտարարվել հետախուզում։

Հակաօրինական գործունեությանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու, միաժամանակ Հայաստանի տարածքն անդրազգային հանցավոր խմբավորումների կողմից որպես տարանցիկ ուղի օգտագործելու հնարավորությունը բացառելու նպատակով, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումները շարունակվել են, որոնց շնորհիվ 2017-ի դեկտեմբերին ԱԱԾ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Թուրքիայից արտաքսված և անօրինական ճանապարհով նույն երկիր վերադառնալու ցանկություն ունեցող Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի և Եմենի քաղաքացիների նոր խմբերի` Հայաստան ժամանելու մասին:

2017-ի դեկտեմբերի 22-ին և 26-ին, 2018-ի հունվարի 15-ին և 19-ին հիշյալ օտարերկրացիների կողմից հայ-իրանական սահմանը հատելու փորձերը կանխվել են։ Տվյալ դեպքերով նույնպես փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օտարերկրացիների տարանցման կազմակերպիչները Թուրքիայի և Իրանի վերը նշված նույն քաղաքացիներն են։ Վերջիններիս ինքնությունը պարզելու և ՀՀ պետական սահմանի անձեռնմխելիության նկատմամբ հետագա հանցավոր ոտնձգությունները կանխելու նպատակով ԱԱԾ կողմից մշակվել է հատուկ միջոցառումների ծրագիր: Տեղեկանալով կազմակերպիչների կողմից հերթական օտարերկրացու՝ ՀՀ-ում գտնվող և Ինտերպոլի գծով հետախուզվող ԻԻՀ քաղաքացու ապօրինի սահմանահատման նախապատրաստական գործողությունների և պետական սահմանի ապօրինի հատման նախանշված վայրի մասին, իրանական կողմից սահմանախախտին դիմավորող անձին հենց հանցանքի կատարման վայրում բռնելու նպատակով դեպքի վայր են ժամանել ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները և ձերբակալել իրանական կողմից պետական սահմանն ապօրինի հատած՝ անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող ԻԻՀ քաղաքացուն։

ԱԱԾ քննչական վարչությունում վերը նշված դեպքի առթիվ քննվող քրեական գործով արդեն իսկ 7 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ 2017-ի ընթացքում ձեռնարկված հետևողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաև հայ-վրացական սահմանով ապօրինի սահմանահատումների կազմակերպ¬ման դեպք։

Պարզվել է, որ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ապօրինի եղանակով գումար վաստակելու շահադիտական նպատակով, մի խումբ անձանց օժանդակությամբ, 2016-2017թթ. ընթացքում 8 դեպքով կազմակերպել են իրավական կամ փաստ-թղթային խնդիրներ ունեցող Վրաստանի 1 և ՀՀ 2 քաղաքացիների մեկնումը ՀՀ-ից Վրաստան կամ հակառակ ուղղությամբ՝ ՀՀ Լոռու մարզի անտառածածկ տարածքներով։ Հիշյալ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 13 անձ, որոնցից 1-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրա մահվան հիմքով, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 10 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություննե¬րի անդամների կողմից ՀՀ ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում 2017-ի ընթաց¬քում ՀՀ ԱԱծ կող¬մից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառում¬ների շնորհիվ բացահայտվել և ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում այդօրինակ դեպքերի առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 45 քրեական գործ, որոնցով 47 անձ (22-ը ՀՀ, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---