Կիևում մեկնարկել է Ռոման Բալայանի ֆիլմերի փառատոնը

Կիևում մեկնարկել է Ռոման Բալայանի ֆիլմերի փառատոնը

PanARMENIAN.Net - Կիևում մեկնարկել է հայտնի կինոռեժիսոր, պրոդյուսեր և կինոսցենարիստ Ռոման Բալայանի ֆիլմերի յուրօրինակ փառատոնը: «Հունվարի 29-ից սկսած յուրաքանչյուր երկուշաբթի հանդիսատեսը կկարողանա ոչ միայն ծանոթանալ Բալայանի ֆիլմերին, այլ նաև մանրամասներ իմանալ ֆիլմերի ստեղծման մասին: Կինոսերների հարցերին կպատասխանի ինքը ռեժիսորը», հայտնում է AnalitikaUA.net-ը:

«Կինոհանդիպումներ Ռոման Բալայանի հետ» նախագիծը միայն սկիզբն է»,-ասել են կազմակերպիչները՝ հավելելով, որ մարտին և ապրիլին կանցկացվեն երաժշտական և թատերական միջոցառումներ, որոնք անմիջական կապ ունեն Բալայանի հետ: Բոլոր միջոցառումները նվիրվում են ռեժիսորի 77-ամյակին, որը ծննդյան օրը նշում է ապրիլի 15-ին:

Նախագծին աջակցում է Ալեքսանդր Դովժենկոյի անվան գեղարվեստական ֆիլմերի ազգային կինոստուդիան:

Ռոման Բալայանը որպես ռեժիսոր իր առաջին ֆիլմը ստեղծել է 1973 թվականին։ Կատարել է նկարահանումներ ռուս դասական գրողների՝ Չեխովի, Տուրգենևի, Լեսկովի և այլոց երկերի հիման վրա։ Բալայանին հատկապես մեծ հռչակ է բերել 1982 թվականին ստեղծված «Թռիչքներ երազում և արթմնի» ֆիլմը։ Միայն այդ տարվա ընթացքում այն դիտել է ավելի քան 6,5 միլիոն մարդ։ Ֆիլմն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։

1986 թ-ին՝ Պուշկինի մահվան 150-ամյակի առթիվ, Բալայանը նկարահանում է «Պահպանի՛ր ինձ, ի՛մ թալիսման» ֆիլմը։ Ինչպես և «Թռիչքներ»-ում, այդ ֆիլմում նա անդրադառնում է միջին տարիքի՝ շուրջ 40-ամյա տղամարդու ճգնաժամին, ով փորձում է հասկանալ, թե ի՞նչ է ձեռք բերել անցած կյանքի ընթացքում և ի՞նչ անելիք դեռ ունի առջևում։

1997 թվականին արժանացել է Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչման։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---