Մնացականյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրի նորակոչիկներին

Մնացականյանը հանդիպել է «Ես եմ» ծրագրի նորակոչիկներին

PanARMENIAN.Net - Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը «Ես եմ» ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին:

Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել վերջիններիս զինված ուժերի շարքերը գիտակցված ընտրությամբ համալրելու համար, և վստահեցրել, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես «Ես եմ» ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար, ծառայողական ու սոցիալական բարձրակարգ պայմաններ ապահովելու համար, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ես եմ» ծրագրով զորակոչիկի ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը:

Յուրաքանչյուր ամիս նա կծառայի 1+1+2 բանաձևով. մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել 3 ծրագրերից մեկի համար՝ մատչելի բնակարան, գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր, ուսման վարձի փոխհատուցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---