ՀՀ-ն հուսով է՝ Եվրախորհրդարանը կվավերացնի նոր համաձայնագիրը մինչև 2019-ի ընտրությունները

ՀՀ-ն հուսով է՝ Եվրախորհրդարանը կվավերացնի նոր համաձայնագիրը մինչև 2019-ի ընտրությունները

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ակնկալում է, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ԵԺԿ խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ հանդիպմանը:

Բրյուսելյան քառօրյա այցի շրջանակում Աշոտյանը հունվարի 30-ին հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի իր գործընկերների հետ:

Զրույցի ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ազգային խորհրդարաններում վավերացման սահուն գործընթացի ապահովումը: Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է. «Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները»:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, խորհրդարանականների միջև արդյունավետ փոխգործակցությանը, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:

2017-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի: 2015-ի հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---