ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների մրցանակին 7 հայ է հավակնում

ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների մրցանակին 7 հայ է հավակնում

PanARMENIAN.Net - ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հրապարակել է VI մրցանակի հավակնորդների անունները՝ 2017-ի եթերաշրջանի արդյունքներով: Դա միակ մասնագիտական մրցանակաբաշխությունն է ՌԴ-ում, որին մասնակցող կինո- և հեռուստանախագծերը ընտրվում են ըստ պրոդյուսերների փորձագիտական գնահատականի:

Մրցանակաբաշխությունը 23 անվանակարգ ունի, որոնց հավակնորդների թվում քիչ չեն հայկական ազգանունները՝ Ռուբեն Դիշդիշյան, Սերգեյ Դանիելյան, Ռաֆայել Մինասբեկյան, Արամ Մովսեսյան, Էդուարդ Իլոյան, Մարինա Տեր-Առաքելյան:

«Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում ներկայացված է Ռուբեն Դիշդիշյանի աշխատանքը՝ «Առիթմիա» ֆիլմը:

«Լավագույն հեռուստատեսային ֆիլմ» անվանակարգում ներկայացված է «Փախչողը» ֆիլմը, որի պրոդյուսերների թվում է Ռաֆայել Մինասբեկյանը, ինչպես նաև 4 սերիանոց «Նախկին չեն լինում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Սերգեյ Դանիելյանը և Արամ Մովսեսյանը:

«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում հավակնորդների թվում են ՍՏՍ հեռուստաալիքի «Իվանովներ-Իվանովներ» և «Էլեոն հյուրանոցը» նախագծերը, որոնց գլխավոր պրոդյուսերն է Էդուարդ Իլոյանը:

«Լավագույն հեռուստատեսային անիմացիոն սերիալ» անվանակարգում ներկայացված ՍՏՍ հեռուստաընկերության «Ֆիքսիկներ» սերիալի ռեժիսորներից մեկը՝ Արսեն Խաչատուրյանը, ևս հավակնում է մրցանակի:

Հավակնորդների թվում է նաև գրիմի մասնագետ Մարինա Տեր-Առաքելյանը ՆՏՎ հեռուստաալիքի «Տառապանքի ուղիներով» հեռուստասերիալում աշխատանքի համար:

ՌԴ Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակը շնորհվում է 2013-ից: Ժյուրիի կազմում 30 կինոընկերության պրոդյուսերներ են ընդգրկված:Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 15-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---