Հովունիում սերմացուի դիմաց վճարված գումարը յուրացվել է

Հովունիում սերմացուի դիմաց վճարված գումարը յուրացվել է

PanARMENIAN.Net - Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել է տեղական սերմարտադրողներից և Ռուսաստանի Դաշնությունից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը, որի ընթացքում հայտնաբերվել են ՀՀ Շիրակի մարզի Հովունի համայնքի նախկին ղեկավարի կողմից կատարած և առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներ:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին` նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2011-2016թթ. «ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման» ծրագրի և ՀՀ կառավարության որոշման շրջանակներում հատկացված սերմացուի դիմաց վճարումներ չկարատելու պատճառով Շիրակի մարզի հողօգտագործողների կողմից «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի հանդեպ կուտակվել է 118,8 մլն դրամ գումարի չափով պարտք: Այդ պատճառով կազմակերպությունը դիմել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և խնդրել ՀՀ Շիրակի մարզպետարանից բռնագանձել 129.641.760 դրամ գումար:

ՀՀ կառավարության 2011-2016 թվականներին հատկացված սերմացուների, 2015-2016թթ. հատկացված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին» թիվ 1585-Ն որոշմամբ` պետական աջակցության ծրագրի շրջանակներում 2011-2016-ին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի դիմաց ձևավորված 118.891.720 դրամի պարտքերի հավաքագրման գործընթացը դադարեցվել է:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Շիրակի մարզի «Հովունի» համայնքը 2014-2016-ի ընթացքում առաջին վերարտադրության ցորենի սերմացուի դիմաց կուտակել է ընդհանուր` 3.360.000 դրամ:

Նույն համայնքի բնակիչներին հատկացված սերմացուների դիմաց վճարումների և պարտքերի մասին կազմված և համայնքի ղեկավարի կողմից կնիքված ու ստորագրված ցուցակների համաձայն` համայնքի թվով 37 բնակչների հատկացվել է ընդհանուր 21000 (քսանմեկ հազար) կգ սերմացու, որի դիմաց կուտակված պարտքը կազմել է 3.360.000 դրամ:

Նյութերի նախապատրաստմամբ պարզվել են առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հետևյալ խախտումները.

1.Համայնքի 13 բնակիչ 2015թ. ընթացքում ստացած սերմացուի դիմաց համայնքի նախկին ղեկավար Թ. Մ.-ին է հանձնել ընդհանուր 892.000 դրամ գումար, որը, սակայն, համայնքի բյուջե չի մուտքագրվել, դրա վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, իսկ նշված անձանց անվամբ կուտակված պարտավորությունները չեն զրոյացվել:

2. Համայնքի թվով 11 բնակիչներ իրենց կողմից ստանձնված՝ սերմացուի դիմաց կուտակված շուրջ 752.000 դրամ գումարի պարտավորությունները փոխհատուցել են բնեղենով (համայնքի ղեկավարին հանձնել են ցորեն), որոնք նույնպես փաստաթղթային ձևակերպումներ չեն ստացել, դրանց իրացումից ստացված գումարները համայնքի բյուջե չեն մուտքագրվել: Արդյունքում նշված անձանց մասով ստանձնված պարտավորությունները ևս չեն զրոյացվել:

3.Համայնքի թվով 4 բնակիչներ սերմացու առհասարակ չեն ստացել, այնինչ համայնքի կողմից նրանց անվամբ դուրս է գրվել 1700 կգ սերմացու` 272.000 դրամ արժողությամբ, որի արդյունքում ևս կուտակվել են պարտքեր:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման կամ վատնման միջոցով խոշոր չափերով հափշտակություն կատարելու հանցագործության հատկանիշներ՝ փաստի առթիվ ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---